Տնտեսական

Հայաստանի թեթև արդյունաբերողները 15-30 հազար աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունեն


Հերթական հինգշաբթին կառավարությունում:  Գործադիրում այսօր աշխատանքից ազատել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն այսուհետ մարզը կղեկավարի  Արթուր Խաչատրյանը: Նա նախկինում  զբաղեցնում էր տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը: Այսօր էլ վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարականներ է տվել: Դրանից մեկը  թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն է ուղղված: Այստեղ Հայաստանը մեծ ներուժ ունի, սակայն իրենք՝ թեթևարդյունաբերողները, մի շարք խնդիրների մասին  են բարձրաձայնում:  Միայն վերջին ամիսներին, տարբեր հաշվարկներով, կարի արտադրամասերում մոտ 350 աշխատատեղ է ստեղծվել:   Մեկ տարվա  ընթացքում կառավարությունը  տեքստիլ արդյունաբերության 53 ընկերության տարբեր աջակցություններ է տրամադրել:


Չինաստան և Թուրքիա. հակառակ պատկան մարմինների ջանքերին՝ հայկական շուկայում գերիշխող է հենց այս երկրների արտադրանքը: Անհերքելի է նաև, որ վերջին տարիներին հայ սպառողի վերաբերմունքը տեղական արտադրանքի նկատմամբ փոխվել է: Սա նկատել է նաև ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանը։ Նրա հետ զրուցեցինք թեթև արդյունաբերական արտադրանքի, դրա ծավալների, առկա խնդիրների ու մարտահրավերների մասին: Թեթև արդյունաբերություն Հայաստանում կա՝ ասում է Պողոսյանն ու մատնանշում «Պատրաստված է Հայաստանում» ցուցափեղկերով  խանութները մայրաքաղաքում։ Այնտեղ բացառապես տեղական արտադրանք է ներկայացված:

«Ուզում ենք, որ ներքին շուկայում ավելի ներկայացված լինենք, ուզում ենք, որ մեր հնարավորությունները մեծացված լինեն, որպեսզի կարողանանք արտահանման հետ կապված հարցերը լուծենք», ասում է  զրուցակիցս՝ միաժամանակ նկատելով, որ երկար տարիներ մեր երկրում հատկապես տեղական թեթև արտադրությունը անտեսված էր, պարզապես գոյատևում էր:  2011-ից Հայաստանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին, և հենց այստեղ է, որ թեթև արդյունաբերողները բախվում են խնդրի հետ. անհավասար պայմաններում են հայտնվել։ «Տեսանք, որ հագուստի ու կոշիկի ոլորտում խանութները բաժանված են, տարածքները բաժանված են, մենք պետք է մտնենք և մեզ համար արևի տակ տեղ գտնենք։ Դա արդեն բարդ էր»,- ասում է Հովսեփ Պողոսյանը։

«Եթե իրաիկան բերեին պետք է ավելիթ անկ լիներ այդ արտադրանքը: սակայն, ամբողջ»:

«Հայկական շուկայում տեղական արտադրանքի վաճառքը մոտ ութ տոկոս է կազմում, ներմուծողները շուկայի 92 տոկոսը գրավել են։ Առանց պետության աջակցության մենք չենք կարող։ Մի խանութ ենք բացել, փորձում ենք ինչ- որ բան անել, նոր խանութներ բացելու հետ կապված խնդիրներ կան, արտադրողներն էլ շրջանառու միջոցների հետ կապված խնդիրներ ունեն»,- խոչընդոտների ցանկն է ներկայացնում Թեթև արդյունաբերողների գործատուների միության նախագահը։

«Եվ վարկերը, և տոկոսները շատ տխուր պայմաններով են այսօր մեզ տրվում: Կա տարբերակ, պետությունն ասում է , որ ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով վարկեր վերցնենք: Ասում են 12 տոկոս է, մենք երեք տոկոսը սուբսիդավորում ենք, դառնում է 9 տոկոս: Բայց երբ մենք 9 տոկոսը հաշվում ենք, կարծես թե ընդհանուր շուկայականից ցածր է, բայց դա էլ է մեզ համար բարձր: Մենք այսօր 3-4 տոկոսով կկարողանանք շունչ քաշել և ավելի բարձր արտադրողականությամբ աշխատել»,- խոչընդոտները շարունակում է թվարկել զրուցակիցս։

Հայաստանի թեթև արդյունաբերողները 15-30 հազար աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունեն։ Միայն աշխատատեղեր բացելով է հնարավոր արտագաղթը կանգնեցնել՝ կարծում է զրուցակիցս:

Աշխարհին  հայտնի Քարահունջի օղիին զուգահեռ գուցե շատ շուտով այս գյուղին նույն համբավը բերի  սպիտակեղենի ու գուլպաների արտադրությունը, որը հիմնել է Սաթենիկ Մալինցյանը: Արտադրման ծավալները փոքր են,  պատրաստ են ավելացնել, եթե կարողանան ապրանքը վաճառել։ Մալինցյանը մեր երկրի ՓՄՁ ներկայացուցիչներից մեկն է, վստահեցնում է՝ կարողանում են հանգիստ աշխատել, սակայն ամենակարևոր հարցը, ըստ զրուցակցիս, ֆինանսական միջոցների անհասանելիության հարցն է:  Փոքր ու միջին բիզնեսի  գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր երկրում ֆինանսների խնդիր ունեն:  Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը հատկապես մարզերում աշխատող թեթև արդյունաբերողներին կուրախացնի

«Երևանից դուրս գործունեություն ծավալող կազմակերպությունների համար պետք է լինի արտոնություն, որպեսզի խթանվի շրջաններում գործունեության իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը: Պետք է ունենք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ»:

Կոշկագործություն, գորգագործություն, տեքստիլ. կառավարությունը պետք է նպաստի այս ոլորտների զարգացմանը: Որդեգրված քաղաքականությունը հստակ է:  ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներն ու ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը երկու շաբաթում կքննարկեն  և կառավարության աշխատակազմ կներկայացնեն առաջարկություններ՝ ոլորտի զարգացման վերաբերյալ:

Back to top button