Հայաստանում գնաճը կազմել է 2.1 տոկոս


Այս տարվա անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2.1 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այս տարվա ընթացքում գնաճն անհանգստացնող չի լինի: Սակայն, ըստ նրա, դա այնքան էլ լավ կանխատեսում չէ:
Անցած 5 ամիսներին գնաճը Հայաստանում 2.1 տոկոս է կազմում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, մինչդեռ, ԱՎԾ-ն արձանագրել էր 0.6 տոկոս գնանկում: ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ տվյալներ առանձին ապրանքատեսակների գծով: Նա անդրադարձավ նաեւ արտարժույթի փոխարժեքին:
«Ապրիլի համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հանրապետությունում նվազել է 0.4 տոկոսով: Այսինքն՝ հայկական դրամն արժեւորվել է: Համեմատության համար՝ նախորդ տարվա 5 ամիսների կտրվածքով ունեցել ենք փոխարժեքի նվազում 0.9 տոկոսով: 17-ի մայիսը 16-ի մայիսի համեմատ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը աճել է 1.1 տոկոսով»:
Արտարժույթի հետ կապված՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը անհանգստացնող միտումներ չի տեսնում: Եթե, իհարկե, ռուսական շուկայում կտրուկ փոփոխություններ չլինեն, ինչը տնտեսագետը չի բացառում:
«Չի բացառվում, որովհետեւ այնտեղ հիմա երկու տեսակետների առճակատում կա. մեկը, որ պետք է արժեզրկել, մեկը՝ պետք չէ արժեզրկել»:
ԱՎԾ գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Մարիամ Երիցյանի խոսքով՝ իրենք դիտարկում են 452 ապրանք-ծառայություն: Ըստ այդմ արձանագրված ընդհանուր պատկերը հետեւյալն է. «Գնաճ դրանցից ունեցել են 191-ը: Գնանկում ունեցել են 188 ապրանք-ծառայություն: Անփոփոխ գների մակարդակ ենք արձանագրել 73 ապրանքի, ծառայության գծով»:
Բանջարեղենի գներն անցած տարվա մայիսի համեմատ ավելի բարձր են եղել՝ 11-37 տոկոսով՝ չնայած այս ապրիլի համեմատ մայիսին բանջարեղենի գներն անկում ունեն: Անընդհատ եւ պարբերաբար գնաճ է արձանագրում շաքարավազը: Նույնը՝ մթամթերքի պարագայում է: Խոզի միսն, օրինակ, ապրիլի համեմատ աճել է 8 տոկոսով: 1.1 տոկոսով աճել է նաեւ կարագի գինը՝ տեղեկացրեց Մարիամ Երիցյանը:
Անդրադառնալով արձանագրված գնաճին՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր կարծիք հայտնեց, որ այս տարվա ընթացքում գնաճն անհանգստացնող չի լինի: Սակայն, ըստ նրա, դա այնքան էլ լավ կանխատեսում չէ, քանի որ. «Ընդհանրապես գնաճը պետք է դիտել որպես նաեւ տնտեսության առողջացման որոշակի գրավական: եթե մեզ մոտ տնտեսությունը որոշակի աճ ունենա, մենք նույնիսկ 7, 10 տոկոս գնաճից էլ պետք է չսարսափենք, բայց երբ որ աճ չկա ու գնաճ կա, ամենաանհանգստացնողը դա է: Դա տնտեսագիտորեն անընդունելի է»:
Ըստ տնտեսագետի, եթե գնաճը լինի 4.5 տոկոսի շրջանակներում, ապա դա կարող է տնտեսությանը նպաստող լինել, բայց կարծում է, որ դրան հասնելը բարդ է լինելու, քանի որ մեզ մոտ եկամուտները չեն ավելանում: Այսինքն՝ սպառման միտումները կամ ցանկությունները Հայաստանում դրական չեն: Ներդրումների հնարավորություններին եւ այդ ուղղությամբ քայլերին էլ տնտեսագետը չի հավատում, քանի որ կարծում է, որ միջավայր չի փոխվել: Մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, եթե բիզնեսի համար նպաստավոր պայմաններ լինեն, ապա՝ ներդրումներն ինքնուրույն կգան: