Հասարակություն

Այսօր մեկնարկեց եկեղեցական ներկայացուցչական 6-րդ ժողովը


Այսօր մեկնարկեց եկեղեցական ներկայացուցչական 6-րդ ժողովը, որին մասնակցում են հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Մայր Աթոռում և նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, հայրապետական պատվիրակներ և աշխարհասփյուռ թեմերից ընտրված պատվիրակություններ: Հիվանդության պատճառով ժողովին չի մասնակցել Երուսաղեմի հայոց պատրիարքը:

Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ  տերունական աղոթքով սկսվեց Եկեղեցական ներկայացուցչական 6-րդ ժողովը, որին մասնակցելու համար  Մայր Աթոռ էին եկել աշխարհով սփռված հայ եկեղեցու հովվապետերն ու ներկայացուցիչները:  Եկեղեցական ներկայացուցչական  վերջին ժողովը դարձյալ գումարվել էր Մայր Աթոռում  3 տարի առաջ, որտեղ քննարկվել էին եկեղեցու կանոնադրությանը վերաբերող հարցեր  և որոշվել կատարվելիք փոփոխություններն  ուղարկվել թեմեր՝ եկեղեցական վարչական մարմիններում քննարկելու  և կարծիքները ներկայացնելու համար, ինչպես նաև տրվել էին հաղորդումներ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և զոհերի սրբադասման մասին:

6-րդ  քառօրյա ներկայացուցչական ժողովում քննարկվելու է 5 օրակարգային  հարց՝ եկեղեցական ներկայացուցչական ժողովի դիվանի և հանձնախմբերի ընտրություն, ազգային եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի քննարկում, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ընտրություն,  թեմերում ուղենշային փաստաթղթերի ներդրման գործընթացի զեկուցում  և 2018 թվականը երիտասարդության տարի ծրագրի ներկայացումը:

Վեհափառ հայրապետը նշեց, որ թեմերը պետք է ընդունեն ավելի վերադաս մարմինների ընդունած որոշումները, անհանդուրժողականության վերաբերյալ եկեղեցական ներկայացուցչական ժողովը պետք է վերաբերմունք արտահայտի և որոշում կայացնի:: Եկեղեցու կանոնադրությունը ենթակա է փոփոխմության , պետք է ստեղծել այնպիսի կանոնադրություն, որն ի զորու լինի լուծելու եկեղեցու առջև ծառացած խնդիրները:

Վեհափառ հայրապետը անդրադարձավ  վերջերս Կոստանդապոլսի հայոց պատրիարքությունում տեղ գտած անցանկալի զարգացումներին:

Բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ուղղված են հայոց եկեղեցուն, հնարավոր է լուծել համեշխությամբ ու խաղաղ պայմաններում, որի համար անհրաժեշտ է բոլոր թեմերի սերտ ու ջերմ հարաբերությունը:

Եկեղեցական  ներկայացուցչական 6-րդ ժողովի 160 անդամից մասնակցում էր 151, հիվանդության պատճառով բացակայում էր Երուսաղեմի պարտրիարքը, սակայն  պատվիրակությունը այստեղ էր: Ամենայն հայոց կաթողիկոսը ուրախությամբ նշեց,որ Մայր Աթոռն իր աշխարհասփյուռ թեմերով ընդառաջել է Երուսաղեմի պատրիարքի խնդրանքին և մասնակցել Երուսաղեմում տիրոջ գերեզմանի վերանորոգման գործընթացին:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պարզաբանեց վեհափառ հայրապետի ներկայացրած թեմական ունեցվածքի վերաբերյալ խնդիրները, որոնք դարձյալ տարաձայնությունների տեղիք էին տվել:

Այս խնդիրները նույնպես կանոնակարգվում են կանոնադրությամբ և ուղենշային փաստաթղթերով: Եկեղեցական ներկայացուցչական ժողովը կտևի ևս 3 օր, կավարտվի հունիսի 9-ին կայացնելով համապատասխան որոշումներ ու կանոնադրական փոփոխություններ:

Back to top button