«Հայի սահմանն աշխարհագրական չէ, այլ բարոյական». Արսեն Գրիգորյան
«Մեր նպատակն էր՝ ամեն գնով հասնել Հալեպ ու մեր երախտագիտության խոսքն ասել տեղի մեր հայրենակիցներին: Վերջին անգամ 2011-ին էի եղել Հալեպում, երբ մտա, չճանաչեցի քաղաքը. քարուքանդ, ավեր : Ռադիոլուրին տված բացառիկ հարցազրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, պատմել է իր և Մկրտիչ Մկրտչյանի Սիրիայում անցկացրած 5 օրերի մասին: Արվեստագետների սիրիական ոչ սովորական հյուրախաղերի պատմությունը Ալիսա Գևորգյանի ռեպորտաժում: Ի դեպ նշենք, որ հյուրախաղերն իրականացվել են ՀՅԴ սիրիական կառույցի նախաձեռնությամբ և հրավերով։
Բարդ էր, վտանգավոր ու անկանխատեսելի, բայց անտեսվեցին դեպի Սիրիա ուղևորության բոլոր դժվարությունները: Երգիչ Մրոն ու Մկրտիչ Մկրտչյանը որոշել էին՝ Առաջին հանրապետության տոնը նշանավորել Հալեպում, հայ համայնքի համար կազմակերպված համերգներով:
«Վերջին անգամ 2011-ին էի եղել Հալեպում, երբ մտա, չճանաչեցի քաղաքը. քարուքանդ, ավեր: Սա պատերազմ չէ, պատերազմում ճակատ կա, գիտես՝ ո՛ր կողմից սպասել հարվածը: Սա անհասկանալի մի բան է»,-սիրիական ուղևորությունից վերադարձած Արսեն Գրիգորյանը հավելում է՝ հասկացա, որ Հալեպում ենք միայն այն ժամանակ, երբ հայտնվեցինք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում:
«Ի դեպ, պետք է ասեմ, որ պատերազմը կանգ է առել հայկական Նոր գյուղի մատույցներում: Հայերը մեծ ավանդ ունեցան՝ պահելու, պահպանելու այս տարածքը, որի համար մեծ թվով զոհեր տվեցին նաև: Մեզ համար մեծ պատիվ էր, որ առաջին համերգը նվիրեցինք սիրիահայ զինվորներին, որոնք վեց տարի շարունակ, գիշեր ու ցերեկ հերթապահել են այստեղ՝ պահելով հայի պատիվը, ինքությունը»:
Արսեն Գրիգորյանը համոզված է. Հայաստանի սահմանը միայն աշխարհագրական չէ, այլև բարոյական: Բարոյականության այդ սահմանի վրա կա ամրոց, որը կոչվում է Հալեպ: Այս ամրոցում հայն այսօր էլ արժանապատվորեն պահում է իր սահմանը՝ բարոյականության սահմանը, իր ինքնության ու տեսակի սահմանը: Չեմ կարող ասել, որ մենք համերգներ ենք ունեցել Հալեպում, մենք պարզապես հաղորդակցվել ենք, հայրենիքի մշակույթին հաղորդակից ենք դարձրել հալեպահայությանը, որն իր մեջ կրում է հայի իրական կերպարը:
Ո՞րն է այդ կերպարը, հարցին պատասխանում է․ «Արժանապատիվ, ազնիվ, հավատարիմ: Հալեպահայությունը հավատարիմ մնաց այն երկրին ու ժողովրդին, որը ցեղասպանության տարիներին գրկաբաց ընդունեց նրանց պապերին ու փրկության դուռ բացեց շատերի առաջ: Ապրիլյան պատերազմի օրերին ասում էին՝ հայը խենթ է. խաղաղ ժամանակներում թախչում է, պատերազմի ժամանակ՝ վերադառնում: Այդ խենթությունը հատուկ է յուրաքանչյուր հայի, աշխարահի որ ծայրում էլ, որ նա ապրի: Ասում են, որ ազգի նորոգության համար ժամանակ առ ժամանակ այն պետք է խառվի այլ ազգերի արյան հետ: Այսօր հաճելի փաստի առջև ենք կանգնած. մեր գենը պահապանվել է, բայց սերունդը նորոգվել է»:
Այդուհանդերձ, արվեստագետը համոզված է՝ հայի ապագան միայն Հայաստանում է: «Սիրիահայերն այսօր շատ ոգևորված են պայմանական խաղաղությամբ, շատերը վերադառնում են ու երազում վերականգնել իրենց ավերված քաղաքը, բայց իրական վերադարձ նշանակում է՝ վերադարձ արմատներին, իսկ մեր արմատը հայրենիքում է»,-ասում է զրուցակիցս:
«Հայկական համայնքները մեծ դեր են կատարել այն ժամանակ, երբ չենք ունեցել պետականություն, բայց այսօր ունե՛նք: Այո՛, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց եթե մարդը պիտի դժվարություններով ապրի ուրիշ երկրում, թող այդ դժվարությունները հաղթահարի իր՛ երկրում: Իբրև հայ մարդ, իբրև տեսակ մենք ապագա ունենք միայն հայրենիքում: Հայաստանում արտագաղթը կանխելու ամենաճիշտ ուղին հայրենադարձությունն է, որին պետք է ծառայեն բոլոր օղակները՝ յուրաքանչյուրն իր մասով: Մեր պետության կայացման ամենակարևոր գործոնը հայ մարդու ներկայությունն է այս հողի վրա»:
Վերադառնալով սիրական ոչ սովորոկան հյուրախաղերին, երգիչը պատմեց, որ Մկրտիչ Մկրտչյանի հետ միասին համերգներ են ունեցել ոչ միայն սիրիահայ զինվորների համար, այլև պատերազմի արդյունքում որբացած հայ երեխաների, հանդես են եկել հայկական ծերանոցում, մարդաշատ համերգներ են ունեցել հայկական ճեմարանի բակում, նաև Լիբանանում:
Նրա մոտավոր հաշվարկներով մայիսի 28-ին Հալեպի հայկական ճեմարանի բակում շուրջ 5000 մարդ է հավաքվել: «Տասը տարի առաջ համերգ էի ունեցել այդ նույն բակում: Հարակից շենքերը նայում էին այդ բակին և մարդիկ՝ նստած իրենց պատշգամբներում, հետևում էին համերգին: Շենքերի տեղում այժմ ավերակներ են…»,-պատմում է Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: