Հասարակություն

Հնում տրնդեզի մոխիրը համարում էին սրբազան

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Ըստ Նոր Կտակարանի՝ Հրեաստանում սրբազան  ավանդույթ գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տանում էին տաճար` ընծայաբերելով նրան Աստծուն:
Մանուկ Հիսուսի ծնողները ևս ավանդույթի համաձայն նրան տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար ծերունի նրան ընդառաջ է գալիս: Այստեղից էլ ծնվել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ:
«Փառք քեզ, Աստված, քանզի  աչքովս տեսա իմ փրկությունը և լույս բացվեց մարդկանց վրա, որոնք խավարի մեջ նստած   էին»,-ընդառաջ գալով մանուկ Հիսուսին կանչում է Սիմեոն ծերունին:
Սրբազան ավանդության համաձայն՝ այդ պահին տաճարի արևելյան դռները դղրդյունով բացվում են ու մարդիկ ճրագներով դուրս են վազում տներից ` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեին սուրբ գրային օրենքը` տաճարի արևելյան դռները կբացվեն միայն այն ժամանակ, երբ այնտեղ կմտնի ու այնտեղից դուրս կգա Տերը:

Տեառնընդառաջն անշարժ տոն է և եկեղեցին այն նշում է ամեն տարի  փետրվարի 14-ին, բայց տոնակատարությունները սկսվում են  փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացուցով  նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Հայ եկեղեցին այս օրը հռչակել է  նորապսակների օրհնության օր և իրականացնում է հատուկ կարգ: Բաբկեն քահանան հիշեցնում է, որ տոնը նշանվածներին չի վերաբերում: Այդ օրը եկեղեցում կատարվում է նաև մոմերի օրհնության կարգ:
Ժամերգության ավարտին  հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից  վառում են իրենց մոմերն ու տուն տանում, որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ:  Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով  վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը, որը, ըստ քահանայի, իրականում որևէ առնչություն չունի Աստծո իրական լույսի և հոգևոր ճշմարտության հետ։

Հնում տրնդեզի մոխիրը համարում էին սրբազան: Բարեհաջող ծննդաբերության համար այդ մոխիրը կանայք լցրել են ջրի մեջ ու խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը հաճախ պահել են կճուճների մեջ, որպեսզի առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում` հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում` բերքը մկներից պաշտպանելու համար։

Back to top button