Միջազգային

Վրաստանը հարվածի տակ հայտնվեց Ադրբեջանի պատճառով


Ադրբեջանի հերթական քայլը վկայակոչեց, որ այդ երկիրը կրկին ձեռնոց է նետում միջազգային հանրությանը՝ հիմնարար սկզբունքներն ու իրավունքները ոտնահարելու առումով: Շատերն այսօր պնդում են, որ ադրբեջանցի լրագրողն Աֆղան Մուխթարլիի առեւանգումը տեղի ունեցավ հենց միջազգային հանրության անթույլատրելի անտարբերության պատճառով, երբ պատշաճ արձագանքի չարժանացավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական արտահանձնումը Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում մայիսի 29-ին եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ, միջազգային հանրության կոչերն ուղղված են հենց Վրաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին: Այս իրադարձությունների զարգացմանն ակտիվորեն հետեւում են սոցիալական ցանցերի «բնակիչները»:

 
Ադրբեջանցի իշխանություններին քննադատող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուսթաֆաեւան կտրականապես հրաժարվում է ընդունել Վրաստանի քաղաքացիությունը: Ադրբեջանից Վրաստան փախած լրագրողի ընտանիքը վաղուց էր ակնկալում այս երկրում ստանալ կացության իրավունլ, սակայն միայն Մուխթարլիի առեւանգումից եւ Ադրբեջանում հայտնվելուց հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին որոշեց գնալ նման քայլին՝ ավելին՝ անգամ քաղաքացիություն շնորհել։ Կվիրիկաշվիլին երկրի նախագահին այսօր հորդորել է բացառության կարգով այդ ընտանիքին շնորհել Վրաստանի քաղաքացիություն:

Լեյլան հրաժարվելը հիմնավորում է նրանով, որ Վրաստանի իշխանություններն այսօր այդ քայլին գնում են շոու կազմակերպելու նպատակով: Առեւանգված լրագրողի կնոջ խոսքերն այսօր մեջբերում էին տարբեր միջազգային լրատվամիջոցները. «Ես չեմ համաձայնվի ընդունել Վրաստանի քաղաքացիություն: Դա նշանակում է, որ ես պետք է հրաժարվեմ իմ երկրի քաղաքացիությունից: Իսկ ես դա չեմ ցանկանում: Մեկ տարի առաջ, երբ ես խնդրում էի բնակության իրավունք, ինձ այն ժամանակ պատասխանեցին, որ մենք իբրեւ թե զբաղվում ենք վտանգավոր գործերով  եւ մերժեցին մեզ: Այսօր ինչ որ բան փոխվե՞լ է: Ես այլեւս վտանգավոր չե՞մ: Ես խնդրում եմ շոու չսարքել լրագրողի առեւանգման փաստից: Ավելի լավ է՝ իրավապահները գործը քննեն պատշաճ ձեւով»:

Իրադարձություններին ակտիվորեն հետեւում է նաեւ ինտերակտիվ հասարակությունը եւ միջազգային հանրությունը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը նշել է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առեւանգման եւ անօրինական կամայական ձերբակալության եւ այնուհետեւ Ադրբեջանում նրանց կալանավորման եւ հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ եւ թափանցիկ հետաքննություն: Twitter-ի իր էջում այս հայտարարությանը պատասխանել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հետեւյալ գրառմամբ.  «Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում այս կարծիքը կիսում է նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության համբերության բաժակը չի լցվի նաեւ այս դրվագով:

Հայաստանի առաջին օմբուդսմենը կարծում է, որ միջազգային խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին դեռ ձեռնտու չէ խոսել Ադրբեջանի հանդեպ վաղուց հասունացած պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս պայմաններում Մուխթարլիի գործի հանգուցալուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի՝ կանխատեսում է Լարիսա Ալավերդյանը, այս դեպքում հիշելով իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, որոնքառողջական լուրջ խնդիրներից հետո միայն ազատ արձակվեցին եւ հնարավորություն ունեցան լքել Ադրբեջանը:

Մուխթարլիի գործին այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի եւ ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում։ ԱՄՆ պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»։

Աշոտյանի կարծիքով՝ այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլեւ Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված եւս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։ Աշոտյանը նաեւ զուգահեռներ է անցկացնում եւ հուշում, որ խնդիրն արդիական է նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների ու Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները եւ իրավունքները երաշխավորելու առումով:

Back to top button