Տնտեսական

ՀԲ-ն անփոփոխ Է թողել 2017-ի համար տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը հունվարի գնահատականների համեմատությամբ թողել է նույն՝ 2,7 տոկոսի մակարդակի վրա: Այդ մասին ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում, գրում է TASS-ը։

«ՀԲ-ն կանխատեսում է, որ 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչև 2,7 տոկոս: Արտադրության և առևտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը և հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող և զարգացող երկրներում»,-նշվում է փաստաթղթում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 3,1 տոկոս: 2016 թվականին տնտեսական աճը եղել է 0,2 տոկոս:

Սպասվում է, որ երկու տարի ռեցեսիայից հետո Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականին կկազմը 1,3 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 1,4 տոկոս:

Համաձայն Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017 թվականին կկրճատվի 1,4 տոկոսով, իսկ 2018 թվականին կաճի 0,6 տոկոսով, Վրաստանի ՀՆԱ-ն 2017 և 2018 թվականին կգրանցի, համապատասխանաբար, 3,5-ի և 4,0 տոկոսի աճ:

Back to top button