ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց իր դիմումը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել նախագահի թեկնածուների՝ միմյանց փնովելու, քննադատելու, մեղադրելու և մեղադրանքներին պատասխանելու դեպքերը: Այսօր լրագրողների հետ հանդիպել ու իր հասցեին հնչած գրեթե բոլոր մեղադրանքներին է պատասխանել ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Անցնող օրերի ընթացքում Հայրիկյանը ճանաչել է նոր Հրանտ Բագրատյանի, ճանաչել է ու տխրել: Հայրիկյանը լրագրողներին խնդրեց իրեն չստիպել, որպեսզի, իր իսկ ձևակերպմամբ, Հրանտի մասին խոսի.«Ինքը ինձ հիշեցրեց, որ ինքն իր թիմակիցներին է դավաճանել: Իրեն պառլամենտական աթոռ տված Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չհարցրեց, ինչ կարծիքի ես, ես ուզում եմ դնել իմ թեկնածությունը: Հիմա նա վեր է կացել, խոսում է տարբեր բաների մասին»:

Նախագահի մի թեկնածուն, ի դեմս, Հրանտ Բագրատյանի, մյուս թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանին մեղադրում է պայմանավորվածությունը խախտելու մեջ: Պայրմանավորվածությունը ձեռք էր բերվել Բագրատյան-Հայրիկյան-Հովհաննիսյան հանդիպումների ժամանակ, երբ նրանք քննարկել էին միասնական թեկնածուի հարցը, սակայն պայմանավորվել էին դեռևս չբարձրաձայնել դրա մասին: Պայմանավորվածությունը, սակայն, խախտվել է: Հրանտ Բագրատյանն այսօր անկեղծացավ, թե ով է եղել խախտողը: «Պարույր Հայրիկյանը ցանկացավ ավելի լավը երևալ»,- նշել էր Բագրատյանն ու շեշտել, որ ինքն ամենեւին էլ վստահ չէ, թե Պարույր Հայրիկյանը չի համագործակցում իշխանությունների հետ: «Պրիմիտիվ մարդիկ են հասարակությունը, քաղաքական կյանքը բաժանում իշխանության ու ընդդիմության, սա դարձրեք բանաձև: Եթե իշխանությունը չարիք է, ուրեմն Բագրատյանը չորս տարի չարիք է եղել՝ լիելով վարչապետ: Ծիծաղելի, մանկամիտ գնահատական: Ես պայքարում եմ իմ ծրագրերի համար, այդ ծրագրերս իրականաություն եմ դարձնելու իշխանությունների դեմ պայքարելով կամ իշխանություններին համոզելով, խորհուրդ եմ տալիս այդ մանկապարտեզային մակարդակից բարձրանալ, մանավանդ վարչապետ աշխատելուց հետո»:

Հայրիկյանին մեղադրում են, որ իշխանություններին չի քննադատում: «Իմ ծրագրի արտաքին քաղաքականությունը գլխի վրա շուռ է տալիս իշխանությունների արտաքին քաղաքականությունը, ժողովրդավարական պատկերացումները գլխի վրա շուռ են տալիս այդ պատկերացումները»,- ասաց նախագահի թեկնածուն: Այսքանով հանդերձ, նա բոլոր կամուրջները չի այրում,Հրանտ Բագրատյանի համագործակցության եզրեր դեռ տեսնում է.«Բագրատյանը կարող է ասել, Պարույր կներես, ես տաքացա, ես էլ կասեմ, Հրանտ ջան դւ էլ տասնապատիկ ինձ կներես ես էլ տաքացա: Տեսնենք, ինչ ենք անում: Բայց դրա համար պետք է լինես ընդունակ հավակնություններդ ստորադասելու գեղեցիկ նպատակներին»:

Պարույր Հայրիկյանը մտահոգված է նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով: Սա էլ էր պատճառ, որ Հայրիկյանը ՍԴ-ից իր դիմումը հետ վերցնի: «Ես ամեն բան չի, որ ինչ-որ զգացել եմ հարկ եմ համարում բոլորին տեղեկացնել, բայց իմ քայլերի պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Տեսեք ինչ ահավոր բան է, չէ, ես ասում եմ՝ Անդրիասը կարող էր մահանալ, եթե ես երկարացնեի»:

ԱԻՄ առաջնորդն այսօր հաստատեց այն խոսակցությունները, համաձայն որոնց, կիրակի օրը հիվանդանոց է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի այցը, սակայն, որևէ կերպ կապ չունի Հայրիկյանի՝ ՍԴ դիմելու, դիմումը հետ վերցնելու հետ: Նախագահը պարզապես իմ առողջական վիճակով էր հետաքրքված,- ասաց նախագահի թեկնածուն:

Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուն քննության ընթացքից տեղյակ է այնքանով, որքանով մեզնից յուրաքանչյուրը: Պարզապես ի սկզբանե խնդրել է, որ քննության ընթացքը հնարավորինս լուսաբանվի՝ իհարկե պահելով քննության գաղտնքիները, որպեսզի «հետագայում ստիպված չլինեն ինչ որ ճնշման տակ քննության ուղղությունը փոխել»: Պարույր Հայրիկյանն ի դեպ, չի կիսում այն տարածված կարծիքը , համաձայն որի, մահափորձից հետո իր վարկանիշը բարձրացել է, հակառակը, նա կարծում է, որ այն անկում է ապրել: «Իմ վարկանիշն այս պահին այնքան է, որ երկրորդ փուլում ես եմ որոշելու թե ինչ ուղղությամբ ենք գնում: Երկրորդ փուլը գրեթե անխուսափելի է, ասաց նախագահի թեկնածուն ու եզրափակեց հանդիպումը»:

Back to top button