Հասարակություն

Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է


Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է: Օրվա առթիվ բնության պահպանության թանգարանում միջոցառումներ են անցկացվել: Այսօրն առիթ է խոսելու շրջակա միջավայրի վրա ազդող ռիսկերի ու գործոնների մասին նաև: Իսկ ռիսկերը շատ են. մարդու ազդեցությունից` մինչև հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ- երի շահագործում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադարձել է  հարցին, թե որքանով է  հանքարդյունաբերությունը ազդում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանների կարծիքներն այս հարցում շարունակում են տարբեր լինել: Մի մասն ընդգծում է՝ հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն առանց հանքարդյունաբերության: Մյուսներն էլ են աշխատատեղերի ապահովման հարցում կիսում տեսակետը, միաժամանակ, սակայն, նկատում են, որ մեր երկրում ոլորտի նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել:

 

Թեղուտ, Ամուլսար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. այս անուններն ու դեռ մի քանիսը վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Սրանք հանքարդյունաբերական գործարաններ են, որոնք մեր երկրում ապահովում կամ ապահովելու են աշխատատեղեր: Մեր երկրում կոնկրետ մարզեր կան, որոնք հանքավայրերով հարուստ են շատ վաղուց: Բնապահպանների մասը  կարծում է, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում  հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի: Զրուցակիցս հանքավայրերով հայտնի Սյունիքի մարզում աշխատող «Խուստուփ» կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանն է:

«Աստված մեզ տվել է ընդերք, որը պետք է շահագործել»:

Հանքերի շահագործումը  մի շարք ռիսկեր է իր մեջ պարունակում: Այսօր՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հարցնում եմ՝  ինչպես է հանքարդյունաբերությունն ազդում շրջակա միջավայրի վրա:

«Հանքարդյունաբերությունը, ի թիվս բազմաթիվ վնասների, կարող է էականորեն վնասներ պատճառել ջրային ռեսուրսներին, օդային ավազանին և կանաչ տարածքներին: Հանքարդյունաբերությունն աշխարհում համարվում է  այն հիմնական ուղղությունը, որտեղ չափանիշներն ու պահանջները շատ խիստ են: Մենք ևս փորձում ենք այնպիսի նորմեր առաջադրել, որ թե շահագործման, և թե պոչամբարների բացասական դրսևորումները կարողանանք նվազագույնի հասցնել»:

Բնապահպան Դավիթ Հակոբյանը թվարկում է բաց հանքերի շահագործումից եկող վտանգները:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է  շրջակա միջավայրի պահպանման հարցը: Միաժամանակ նկատում է՝ իհարկե հանքարդյունաբերությունը  նաև աշխատատեղեր է ստեղծում, պետք է պարզապես խստացնել վերաբերմունքը հանքարդյունաբերող ձեռնարկությունների նկատմամբ:

Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտում վերջին ամենամեծ ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարվա օգոստոսին:  Շահագործվելու է Ջերմուկից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող  Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ամուլսարի ծրագիրը  Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։

Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   700 աշխատատեղ ստեղծել: Ոլորտը վերահսկողների ու տնտեսվարողները խոստանում են՝ այս ծրագիրը եզակի է լինելու՝ պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը: Խոստումներին սակայն բնապահպանների մի մասը չի հավատում:

Բնապահպանության նախարար Արծվիկ Միանսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այժմ մտածում են այնպիսի նորմեր ու պահանջներ առաջադրել, որպեսզի հանք շահագործողները բնապահպանական խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնեն։

Back to top button