Բավարա՞ր է արդյոք դպրոցական ծրագիրը օտար լեզու սովորելու համար


Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Դրա շրջանակներում ձևավորվել են տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի: Հայեցակարգով նախատեսվում է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության: Միևնույն ժամանակ հստակեցվել է նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները:
Շատ կարևոր է, որպեսզի ՀՀ քաղաքացիները, բացի իրենց մայրենի լեզվից, իմանան նաև երկու օտար լեզու: Հայեցակարգը, որը միտված է դպրոցներում օտար լեզուների զարգացմանը, արդեն մշակվել է և շուտով հանրային քննարկման կներկայացվի: Հաշվի առնելով լեզուների կարևորությունը, ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ լեզուների դասավանդումը մշտապես կատարելագործման կարիք ունեն:
Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո ինչ-ինչ պատճառներով որպես օտար լեզու դպրոցներում առաջնային դասավանդվում էր անգլերենը, ապա այս նոր հայեցակարգով նախատեսվում է զարգացնել մյուս լեզուները ևս:
Հաշվի առնելով Կրթական համակարգի արդիականացման և կրթական բարեփոխումների համատեքստում օտար լեզուների կարևորությունը և դրանով պայմանավորված օտար լեզուների ուսուցմանը ներկայացվող ժամանակակից պահանջներն ու մոտեցումները` Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միությունը պարբերաբար համախմբելով Հայաստանում գերմաներենի ուսուցիչներին՝ համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ստեղծում: Կարևորելով վերապատրաստման դասընթացները՝ Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միության նախագահի պաշտոնակատար Էլիզա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ դպրոցական ծրագիրը բավարար չէ օտար լեզու սովորելու համար:
Այն, որ Հայաստանում ավելանում է գերմաներենի նկատմամբ հետաքրքրությունը, նկատում է նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: