Քաղաքական

Միջազգային ճգնաժամային խումբը հերթական զեկույցն է հրապարակել


Ինչ՞ զարգացումներ են սպասվում արցախյան խնդրում, որքանով հնարավոր կլինի կյանքի կոչել Վիեննայի ու ՍանկտՊետերբուրգի համաձայնությունները, սրանք հարցեր են որոնց այսօր անդրադարձել ու մի զեկույց է պատրաստել  Միջազգային ճգնաժամային խումբը, որը հայտնի է իր ոչ հայանպաստ ձևակերպումներով ու եզրակացություններով: Ինչպես են արձագանքում Հայաստանում այս զեկույցին և Կասպրշիկի  առաքելության  կազմի ընդլայնմանը:

Միջազգային ճգնաժամային խումբը հերթական զեկույցն է հրապարակել «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում» վերնագրով:  Զեկույցում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին լարվածության աճից հետո Հայաստանը և Ադրբեջանը շատ ավելի մոտ են պատերազմին,  քան երբևէ 1994թ. հրադադարից հետո»:

Զեկույցը, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար բացասական շեշտադրումներ է պարունակում. մասնավորապես ընդգծվում է, որ «2016 թվականի բանակցություններում երկու երկրների նախագահները համաձայնել են խաղաղության մոնիտորինգն ամրապնդել և հետաքննական մեխանիզմներ ներդնել: Ու թեև դրանք այդպես էլ չեն  հստակեցվել, սակայն դրանք պետք է ներառեին Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին և վիճելի տարածքի մնացած հայաբնակ հատվածի կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև ամբողջ հակամարտության գոտում անվտանգության շուրջ  համաձայնություն»,- նշվում է զեկույցում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով, սակայն, Միջազգային ճգնաժամային խումբը վաղուց հայտնի է իրավիճակի ոչ օբյեկտիվ գնահատմամբ, այդ խումբը միշտ ադրբեջանամետ զեկույցներ է պատրաստում՝ ասաց. «Երկար տարիների պատմություն ունի և երբևէ օբյեկտիվությամբ աչքի չի ընկել, հակառակը՝ նրանց փաստաթղթերում եւ վերլուծություններում շատ անճշտություններ կան՝ հօգուտ ադրբեջանական կողմի»:

ՄԽ-ի հասցեական հայտարարությունն է, հավանաբար, նյարդայնացրել Բաքվին ու հիմք դարձել նման զեկույցի պատրաստման համար՝ եզրակացրեց քաղաքագետը: Միջազգային ճգնաժամային խմբի այդ զեկույցում գույները խտացված են ներկայացված, սակայն միջնորդները պնդում են,  որպեսզի սահմանին մոնիտորինգ իրականացնող  դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի աշխատակազմի թվաքանակն ավելանա: Որքանո՞վ այն զսպող դեր կունենա հրադադարի պահպանման գործում՝ հարցրեցի Ալեքսանդր Մանասյանին:

Հարցում հոռետես է նաև «Ընդդեմ իրավական կամայականնության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը. «Աչքները լույս նրանց, ովքեր աշխատելու են այդտեղ, դա կոսմետիկ բնույթ է կրում»:

Նա հիշեցրեց, որ արդյունավետ աշխատանքի առաջարկ հայկական կողմից հնչեցրել էր գեներալ Հայկ Քոթանջյանը։ Նա խորհուրդ էր տվել, որ հսկողություն իրականացվի տիեզերքից: Քանի որ տիեզերքը ոչ ոքի չի պատկանում՝ ճիշտ կլիներ հենց այնտեղից պարզել, թե ով է խախտում զինադադարը և թե ինչ պատկեր է սահմանին: Սակայն այս առաջարկն անտեսվում է ու այսօր խոսվում է հսկողության անարդյունավետ միջոցների մասին՝ ավելացրեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝  Բաքուն այսօր ոչ ոքից չի կաշկանդվում ու չի ազդվում, քանի որ հայտարարություններին որևէ քայլ չի հետևում:

Back to top button