

«Հայրենադարձության կոչ»՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը. «Քեզ եմ երգելու» վերնագրով իրենց ստեղծագործությունը հենց այսպես են ներկայացնում երգի հեղինակներն ու կատարողները: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը: Պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի երգի տեսահոլովակի շնորհանդեսի մանրամասները ռեպորտաժում:
Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վաչության պետ Արմինե Ղազարյանը նախագիծը բնորոշեց խենթություն, որի հզոր ուժը տեսանելի կլինի ապագայում: «Քեզ եմ երգելու» տեղծագործության ուժը, գուցե, տեսանելի կլինի ապագայում, իսկ «Երևան դարձած իմ Էրեբունի» երգի հզոր ուժի մասին այսօր վկայեց Անդրե Սիմոնյանը:
«Առաջին անգամ Հայաստան եկա պապիկիս տեսնելու նպատակով: Դա 1996 թվականի սեպտեմբերն էր: Հանրապետության հրապարակում բազմաթիվ երիտասարդներ երգում էին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ պատրաստվելով սեպտեմբերի 21-ին: Նրանց չէի տեսնում, միայն լսում էի, որովհետև շատ մութ էր: Ինձ թվում է՝ հենց այդ գիշեր սիրահարվեցի Հայաստանին: Տասը տարի շարունակ Անգլիայից Հայաստան էի գալիս որպես զբոսաշրջիկ: Պապիկիս երազանքն էր, որ նրա թոռներից մեկն ապրի Հայաստանում ու այստեղ շարունակի իր ուղին: Նրա մահից մեկ տարի անց ես տեղափոխվեցի ու արդեն 11 տարի ապրում եմ Հայաստանում»:
Անդրեի խոսքով, երգը կարծես իր անցած ուղու մասին է, և այն կատարելը զգացմունքներն արտահայտելու հրաշալի հնարավորություն էր:
Երգչուհի Սիպիլի զգացմունքները հասկանալու համար, ինչպես ինքն է նշում , սփյուռքահայ լինելը քիչ է, պետք է լինել հենց պոլսահայ, որի մանկությունը լի է եղել «ինչուներով»: Ինչու՞ փողոցում հարազատների ու բարեկամների հետ չի կարող խոսել հայերեն, ինչու՞ տանը հեռուստատեսությամբ չի կարող հայերեն հաղորդումներ դիտել և այլն:
«Այսպես փակ մեծացա ու ԱՄՆ-ից եկած փոքրիկ ձայներիզն առիթ դարձավ, որ սիրահարվեմ հայ երգին»,-պատմում է Սիպիլը:
«Չեք պատկերացնում մեր ուրախությունը, երբ արբանյակային կապի շնորհիվ թուրքական հեռուստատեսությամբ առաջին անգամ հայկական երգեր լսեցինք: 2001 թվականին առաջին անգամ այցելեցի Հայաստան: Հանրապետության հրապարակում Անկախության տոնին նվիրված միջոցառմանն ականատես եղա: Զմայլված էի, աչքերս անընդհատ թաց էին: Երազում էի, որ մի օր այդ բեմում եյուլթ կունենամ: Ուղիղ տասը տարի անց երազանքս իրականացավ: Մի օր էլ մտածեցի՝ ինչը՞ կարող է ինձ երջանկացնել: Հասկացա, որ երգելը, այն էլ՝ հայերեն լեզվով երգելը»:
«Ես հետևեցի սրտիս ձայնին և դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»,-ասում է Սիպիլը: Ինչպես նա, այնպես էլ Անդրեն, հավատում են, որ իրենց երգն էլ շատերի համար տունդարձի որոշման առիթ կդառնա: