Օրենսդիր մարմինը դեռ վերջնականապես ձեւավորված չէ


Խորհրդարանում առաջին հայացքից ավարտվեցին բոլոր կառուցվածքային եւ կազմակերպչական խնդիրները: Բոլոր պատգամավորներն ի վերջո ստացել են աշխատասենյակներ, ձեւավորվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովները, ընտրվել է ղեկավար կազմը: Խորհրդարանն արդեն լծվել է օրենսդիր աշխատանքի, բայց ներսում դեռեւս ամեն ինչ չէ, որ հարթ է՝ կան լուծում պահանջող խնդիրներ եւ աշխատակազմում, եւ քաղաքական ուժերում:
Խորհրդարանն արդեն անցել է իր բնականոն աշխատանքին եւ այս պահին գործում է արտահերթից արտահերթ նիստ հրավիրելու ռեժիմի պայմաններում, բայց եւ օրենսդիր մարմնի վերջնական ձեւավորումը դեռ ավարտված չէ: Խոսքը թե աշխատակազմի մասին է, թե խմբակցություններում տիրող իրավիճակի:
Ամենալարված իրավիճակն այժմ խորհրդարանում թերեւս աշխատակազմի օպտիմալացման հետ է կապված: Ի՞նչ որոշումներ կընդունի Բաբլոյանը՝ սպասում եւ մտահոգվում են բոլորը, բայց դեռեւս առանց մեկնաբանությունների: Իսկ Աժ նախագահ Արա Բաբլոյանն ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել էր, որ մեծ աշխատակազմ է ժառանգություն ստացել:
Խորհրդարանի այս խոսնակը կարծում է, որ նորմալ աշխատանքի համար իրեն անհրաժեշտ է, օրինակ՝ 6 խորհրդական եւ օգնական, այնինչ հաստիքացուցակով ուներ 22 խորհրդական ու օգնական: Ասում են՝ աշխատակազմում օպտիմալացումն իրականացվելու է փուլերով եւ տարբեր ուղղություններով: Կրճատվողների եւ մնացողների անուններ, սակայն, դեռ չի նշվում:
ԱԺ-ում ներկայացված չորս խմբակցություններում հիմնականում, կարելի է ասել, արդեն կայունացված վիճակ է՝ գիտեն ով որ հանձնաժողով է գործուղվում, ընտրվել են հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները: Ասել է, թե բոլոր հնարավոր պաշտոնները խորհրդարանում բաժանված են: Մինչեւ վերջերս անկայուն վիճակ էր պահպանվում թերեւս «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում՝ կապված մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու, խորհրդարան պարտադիր «գործուղվողների» եւ նախապես ձեռքբերված համաձայնությունների հետ:
Որոշակի խնդիրների հետ է կապվում օրինակ այս դաշինքով պատգամավորական մանդատ ստացած Իշխան Զաքարյանի բացակայությունը: Փաստորեն՝ նույնիսկ ՎՊ-ի ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո անգամ խորհրդարանում շարունակում է արդիական մնալ «ո՞ւր է Իշխան Զաքարյանը» հարցը: Նախապես տարածվող լուրերի համաձայն՝ հենց այս գործչին էր խոստացվել ԱԺ փոխնախագահի պաշտոնը, բայց վերջում «Ծառուկյան» դաշինքից այդ աթոռն առաջարկվեց Միքայել Մելքումյանին:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում մշտապես հերքում է, որ Իշխան Զաքարյանի հետ կապված խնդիրներ կան խմբակցությունում: Կա նաեւ հավանականություն, որ Զաքարյանին պետական կառույցներում ինչ-որ պաշտոն կառաջարկվի:
Ու չնայած այս պնդումներին՝ նույն դաշինքում շատ ջանք ու եռանդ թափվեց, որ խորհրդարան անպայման մուտք գործեն Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը: Մի շարք կայացած քաղաքական գործիչներ ստիպված եղան ինքնաբացարկ հայտնել, որ վերոնշյալ երեք գործիչներ մանդատ ստանան։ Վերոնշյալ երեքից մեկը՝ Գեւորգ Պետրոսյանը, եթե կարելի է այսպես ձեւակերպել, «բուռն» կենսագրություն ունի «Բարգավաճ Հայաստան»- ի հետ կապված: Նա 6 ամիս զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
Պաշտոնանկությունից հետո՝ 2010-ին նա դադարեցրեց իր անդամակցությունը հարազատ կուսակցությանը, 5 տարի հետո մտափոխվեց եւ կրկին վերադարձավ կուսակցություն, բայց դրանից էլ ուղիղ մեկ տարի հետո կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան»- ից, կուսակցության այն ժամանակվա ղեկավարին՝ Նաիրա Զոհրաբյանին, քննադատելու եւ վարկաբեկիչ գնահատականներ տալու համար։
Արդեն այս օրերին Աժ-ում հենց Գեւորգ Պետրոսյանը լրագրողներին վստահեցնում էր, որ ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ որեւէ անձնական թշնամություն եւ ընդգծված հակակրանք չունի։ Չի ժխտում, որ աշխատանքային գործընկերությունը վերականգնվել է հենց Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ:
Թիվ 7 ընտրատարածքից «Ծառուկյան» դաշինքն ապահովեց սերնդափոխություն: Նախկին պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Լյովա Խաչատրյանը թեեւ ավելի շատ ձայներ էին ստացել, բայց հրաժարվեցին մանդատից, որպեսզի խորհրդարան մտնելու հնարավորություն ունենա Նորա Առուստամյանը: Հենց այս նոր պատգամավորը լրագրողների հետ առաջին զրույցներում ստիպված էր պարզաբանել՝ ինչ նշանակություն է ունեցել առաջխաղացման մեջ իր հոր եւ Գագիկ Ծառուկյանի ընկերական հարաբերություններն ու անցած ընտրություններում կես միլիոն դոլարի գումար ներդնելու գործոնը:
Ինչ հատկանիշներով է առանձնանում նորաթուխ Հակոբ Նազարյանը դեռեւս հայտնի չէ: Նա խորհրդարան է մուտք գործել Հարություն Ղարագյոզյանի ինքնաբացարկի շնորհիվ: Ղարագյոզյանն օրենսդիր մարմնում աշխատել է դեռեւս 1990 թվականից՝ ԳԽ-ի ժամանակներից: Այսպիսով, կարելի է փաստել, որ հակառակ հնչող պնդումներին, խմբակցությունների վերջնական ձեւավորումը փաստացի ամենաանհարթն ընթացավ հենց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում: Հաշվի առնելով դեռեւս չլուծված եւ խորհրդարանում հաճախ չերեւացողների հարցը, միգուցե, ապագայում դեռ հնարավոր են նոր փոփոխություններ այս խմբակցությունում: