Երեկ ավարտվեց կառավարության ձեւավորման գործընթացը, որը սկսվել էր խորհրդարանական ընտրություններից հետո: Նախկին 19 նախարարների փոխարեն ՀՀ-ն այսօր ունի 18 նախարար, բոլոր նշանակվածների անուններն արդեն հայտնի են: Հաջորդ փուլը ենթադրում է կառավարության ծրագրի ներկայացում՝ ինչ ճանապարհով ենք գնալու, ժամկետային ինչ կտրվածքով եւ ինչ ակնկալիքներով: Մինչ կառավարությունը խորհրդարան կբերի եւ նորովի կներկայացնի իր ծրագիրը, «Ռադիոլուրը» հարցերի պատասխանները փորձել է գտնել խորհրդարանի միջանցքներում:
Կառավարության նշանակումից առավելագույնը 20 օրվա ընթացքում ԱԺ քննարկմանն է ներկայացվելու կառավարության գործունեության ծրագիրը: Ինչպես եւ սպասվում էր, դեռեւս 8 ամիս առաջ Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարության կազմում, բացառությամբ մեկ փոփոխության, այլ նորություններ չեղան: Բոլոր նախարարները վերանշանակվեցին, փոխվեց միայն արդարադատության նախարարը:
Ի՞նչ ծրագրով խորհրդարան կգա գործադիր իշխանությունը: Հանրապետական խմբակցության անդամները ծրագրի փոփոխության կարիք չեն տեսնում՝ ասում են եղածում արտացոլված են եւ նախընտրական խոստումների, եւ հետագա՝ երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը: Կառավարության անցած 8 ամսվա աշխատանքը, «Ռադիոլուրի» հետ զրույցում, խիստ ոգեւորող չի գնահատում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, բայց զարգացման հիմքեր, ընդ որում առաջիկա 5 տարվա համար, տեսնում է: Այս կառավարությանը չվստահելու առիթներ հանրապետականը չի տեսել, իր հերթին պնդում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Կարեն Կարապետյանի կառավարության արդյունքների մասին պետք է խոսել միայն 2018-ից հետո՝ պնդում են հանրապետականում: Իշխանության մաս հանդիսացող Դաշնակցությունում համոզված են՝ խորհրդարան բերվող ծրագրին կծանոթանան նախապես՝ որպես գործընկերներ, նաեւ դաշնակցական նախարարներն ակտիվ կմասնակցեն ծրագրի մշակմանը: Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ցանկանում է տեսնել հավակնոտ ծրագիր, կարծում է՝ դա են պահանջում երկրի առջեւ ծառացած խնդիրները:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներն այս պահին զերծ են մնում կառավարության ծրագրի գնահատականներից, հակառակ նրան, որ նույն կառավարության հասցեին բավականաչափ քննադատություններ էին հնչեցնում հենց նախընտրական քարոզչության ժամանակ: Նույն կառավարության նոր՝ ներկայացվելիք ծրագրին ինչպես կարձագանքեն դեռեւս պարզ չէ: Պատգամավոր Իվետա Տոնոյանը պարզապես նշում է, որ հնչած քննադատությունը եղել է հիմնավորված:
«Ելք» խմբակցության անդամների դիրքորոշումը եւ հնարավոր քվեարկությունը կառավարության ծրագրի վերաբերյալ «Ռադիոլուրի» հետ զրույցում խիստ հակիրճ ձեւակերպեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այս պատգամավորն էր, որ օրեր առաջ կառավարությանն ուղարկել էր գրավոր առաջարկ՝ գործող 18 նախարարությունների թիվը կրճատել մինչեւ 15-ի՝ դրանց մեջ ներառելով նաեւ առընթեր մարմինները: Ասում է, դրանով կբարձրանար առանց բացառության բոլոր գերատեսչությունների հաշվետվողականությունը խորհրդարանի առջեւ: Ով ում հետ պետք է միավորվի եւ ինչ մեխանիզմով՝ այս բոլոր կարգավորումները եւ սխեմաները նույնպես ներկայացրել էին, բայց ստացել էին մերժում:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, ապա այն իր առաջին ծրագիրը խորհրդարանին ներկայացրել էր անցյալ տարի հոկտեմբերի 20-ին: Այն ժամանակ ծրագիրը ներկայացնելու համար սահմանված մեկ ժամի փոխարեն վարչապետը տեղավորվեց 35 րոպեում՝ 33 էջանոց ծրագրի հիմնարար սկզբունքները ներկայացնելու համար: Ծրագիրը մշակելիս՝ որեւէ պետության փորձ հաշվի չէին առել: Այն կազմելուց առաջ խորհրդակցել եւ առարկայական քննարկումներ էին ունեցել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, հայ եւ օտարերկրյա տնտեսագետների, փորձագետների եւ պարզապես ոչ անտարբեր մարդկանց հետ:
Քաղաքական ուժերից ծրագիրը քննարկվել էր միայն հանրապետականների եւ դաշնակցականների հետ: Այսպիսով կարելի է փաստել, որ գործող կառավարությունն առանձնապես նոր ծրագիր խորհրդարանի քննարկմանը չի ներկայացնի, բայց եւ դեռեւս չի հայտարարել իր ծրագրի պատրաստ լինելու մասին: Հունիսի 7-ին եւ 8-ին արդեն նախատեսված են խորհրդարանի արտահերթ աշխատանքներ, բայց այդ օրերի օրակարգում կառավարության ծրագիրը դեռ ներառված չէ: