Հասարակություն

Զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողությունը երկարաձգել՝ քննարկում կառավարության նիստում


Հունիսի 7-ին , ժամը 11-ին ԱԺ- ն արտահերթ նիստ կգումարի: Առաջարկը կառավարությանն է, այն ներկայացվել է այսօր՝ հերթական նիստի ժամանակ: Նույն նիստում պարզվել է, որ գյուղատնտեսության նախարարությունն  այս տարի ուշացրել է գյուղացիներին դիզվառելիքի տրամադրումը: Կառավարությունը որոշել է նաև Կատարի Պետության քաղաքացիներին ազատել  Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից : Քննարկումներ են ծավալվել Սփյուռքի  նախարարության առաջարկած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն  չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծի շուրջ:

Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էր ոչ թե Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նա կառավարությանն առաջարկում է  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն   չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել  մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը:

Անգամ պետբյուջեի եկամուտների ավելացման հեռանկարը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին չի  գայթակղում: Ոլորտի պատասխանատուն կարծում է, որ պետք է դադարեցնել օրենքի գործողություն: «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկին տարիների ընթացքում խուսափած ու 27 տարին լրացած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ տուգանք մուծելով  վերադառնում են ՀՀ և  ազատվում քրեական պատասխանատվությունից:

Առաջարկն այս անգամ ընդունվեց, սակայն, պաշտպանության նախարարն առաջարկեց 2018 թ.- ին այն դադարեցնել: Մինչ այդ,  կողմերը փաստաթղթային հարցերը կկարգավորեն այնպես, որ ակնհայտ երևա՝ քաղաքացին արտերկում է, ոչ թե՝ Հայաստանում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ,  օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու  խումբ սուբյեկտների վրա՝ և՛ շարքային անձնակազմի, և՛ պահեստազորի սպաների: Գլխավոր դատախազը կարծում է, որ այս երկու  խմբի վրա հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ։ Բացի դա՝  պահեստազորի սպաների պարագայում  այն կանխարգելիչ լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Եթե շարքային անձնակազմի դեպքում զորակոչից խուսափելու փաստով հարուցված քրեական գործերի ուսումնաասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը հիմնականում վերաբերում են այն անձանց, ովքեր մինչեւ 18 տարին լրանալը ՀՀ-ում չեն գտնվել, ընտանեկան բերումով գտնվել են արտերկրում,  օրենքի ուժով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն  և, ըստ էության, խուսափելու պարագայում  հարուցվել են քրեական գործեր, ապա պահեստազորի սպաների դեպքում  այս անձինք բավականին հասուն  տարիքում գտնվել են ՀՀ-ում:

Հստակեցնում է՝  ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպայի, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից, ուստի այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը համաչափ չէ:  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հստակեցրեց, որ պահեստազորի սպաների մասով նախորդ ամիսներին կարգավորումներ ընդունվել են, բայց անպայման անհրաժեշտ է դատախազության հետ ևս մեկ անգամ հարցն ուսումնասիրել,  քանի որ, ըստ նախարարի, ինքը երբեք չի կարծել, որ այս օրենքը որևէ կերպ տարածվում է պահեստազորի սպաների վրա:

«Խոսքը եղել է մինչեւ 27 տարեկան շարքային կազմի մասին: Եթե օրենքում կա սպայական անձնակազմի մասով կետ, ապա դա միանշանակ անընդունելի է, անպայման պետք է փոխվի մինչեւ Ազգային ժողովին այն ներկայացնելը: Բայց ինձ այդպիսի բան չեն զեկուցել»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց կամ հանել օրակարգից հարցը, կամ լրացուցիչ օրեր տրամնադրվել ու մշակալ։ Օրենքի նախագիծը  կընդգրկվի  հունիսի 7-ին նախատեսված ԱԺ  արտահերթ նիստի օրակարգում:

Back to top button