«Ֆոնդ 100»- ն այսօրվանից ունի իրավական հարցերով աջակից


«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի առաքելությունը քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն աջակցելն է: Նման երեխաներ ունեցող անապահով ընտանիքներին հիմնադրամն օժանդակում է ֆինանսապես եւ կազմակերպչական հարցերով: Հիմնադրամն այսօրվանից իրավաբանական հարցերով աջակից եւս ունի. «Ֆոնդ 100»-ի եւ Եվրոպական իրավաբանական ծառայության միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր: Եվրոպական իրավաբանական ծառայությունը պարտավորվել է «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամին ցուցաբերել իրավաբանական աջակցություն:
«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը նշել է, որ բարի կամքի դրսեւորման այս քայլով հիմնադրամն իրեն իրավական հարթությունում ավելի վստահ կզգա՝ իր առաքելությունն իրականացնելիս: Եվրոպական իրավաբանական ծառայության տնօրեն Սերգեյ Աբելյանն իր հերթին շեշտել է, որ «Ֆոնդ 100» հիմնադրամի գործունեության կարիքը Հայաստանում ակնհայտ զգացվում է եւ գոհ կլինեն, եթե իրենց իրավաբանական աջակցությամբ ֆոնդի գործունեությունն առավել արդյունավորվի: