Պատրաստել անվտանգության ոլորտում լավագույն մասնագետներ. բացվեց ՀԱՊԿ ակադեմիան


Տիգրան Խաչատրյան
«Ռադիոլուրի» համար
Հայաստանում իր գործունեությունն է սկսում ՀԱՊԿ և Եվրազես ակադեմիան: Ակադեմիայի հիմնադրման գործընթացը սկսվել է դեռ 2014թ.-ին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի միջև Մոսկվայում ստորագրվեց համապատասխան հուշագիր: ՀԱՊԿ-ի և ԵվրԱԶԵՍ- ի ակադեմիան դիմորդներին առաջարկում է ուսուցում անվտանգության ժամանակակից համակարգերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տնտեսական համակարգերի վերաբերյալ: Նշվում է, որ ակադեմիան պատրաստելու է լավագույն մասնագետներ համապատասխան ոլորտներում: Կարևորելով Հայաստանում անվտանգության ոլորտի կրթության հրամայականը՝ ակադեմիայում նախաձեռնվել էր կլոր-սեղան քննարկում, որի մասնակիցները մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտի կրթության խնդիրների վերաբերյալ:
Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնելու որոշումը կայացվել է դեռ 2014թ.-ին, սակայն ակադեմիայի բացումը բավականին երկար է տևել: Այն մեկ անգամ նույնիսկ կասեցվել է, քանի որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ դեմ էին Հայաստանում ՀԱՊԿ-ի ակադեմիա բացելու գաղափարին: Ինքնին հասկանալի է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի որ «դաշնակիցների» մասին է խոսքը: Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ Հայաստանում ընկալումները շատ հակասական են: Բոլորս հիշում ենք, թե ինչպես Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, երբ ՀԱՊԿ-ում մեր, այսպես ասած, դաշնակիցներից մեկը կարդում էր Ադրբեջանի նախագահի նամակը: Եվ ինչպես ապրիլյան պատերազմի օրերին մեր դաշնակիցներից ոմանք հրաժարվեցին մասնակցել Երևանում անցկացվող գագաթաժողովին՝ իրենց համակրանքը արտահայտելով Ադրբեջանի հանդեպ:
Բացի դրանից՝ բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ փաստում են, որ Հայաստանը չնչին տնտեսական օգուտներ է ունեցել միությանն անդամակցելուց, իսկ ՀԱՊԿ-ում մեր երկրի ռազմավարական շահերը անտեսվում են որոշ անդամ երկրների կողմից: Պատճառները քաղաքական շահերն են, բայց ոչ պակաս կարևոր է համապատասխան որակյալ մասնագետների պակասը, ովքեր խնդիր ունեն արդյունավետ աշխատելու այդ կառույցների հետ: Հետևաբար ի՞նչ առաքելություն ունի Հայաստանում ՀԱՊԿ և ԵվրազԷՍ ակադեմիան, արդյո՞ք այն մեր երկրում այլ երկրների ազդեցության ընդլայնման գործիք ակամա չի հանդիսանա: Հանրային ռադիոյի հետ զրույցում ՀԱՊԿ և ԵվրազԷՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ ակադեմիայի առջև դրված խնդիրները շատ հստակ են՝ պատրաստել անվտանգության ոլորտում լավագույն մասնագետներ:
ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հանդեպ հայաստանյան հասարակության մեջ ոչ դրական ընկալումներին նպաստում են նույնիսկ այն կառույցները, հասարակական կազմակերպություններն ու փորձագետները, որոնք կոչված են ամրապնդելու Հայաստանի, Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև հարաբերությունները, սակայն Հայաստանի շահերն առաջ տանելու փոխարեն զբաղվում են օտար երկրների շահերը ներկայացնելով: Որոշ կազմակերպություններ Հայաստան են հրավիրում այնպիսի փորձագետների, կազմակերպում այնպիսի քննարկումներ, որոնք ավելի լավ է Բաքվում կազմակերպվեին: Կա տեղեկատվության անվտանգության և մեր դաշնակից երկրներում պրոֆեսիոնալ մասնագետների հետ արդյունավետ աշխատելու խնդիր: Հետևաբար որքանո՞վ ՀԱՊԿ և ԵվրազԷՍ ակադեմիան կարող է լրացնել այդ բացը: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ և ԵվրազԷՍ ակադեմիան ոչ միայն որակյալ ուսուցում կտրամադրի հայաստանցիներին, այլև ՀԱՊԿ անդամ և ոչ անդամ պետություններից շատ ուսանողներ կարող են գալ և վերապատրաստվել:
ՀԱՊԿ և ԵվրազԷՍ ակադեմիայում գործելու է Տիեզերական ծառայությունների նորարական կենտրոն, ինչպես հրթիռային տեխնիկայի վերաբերյալ ուսուցում: Ի՞նչ տիեզերական ծառայությունների մասին է խոսքը և ինչպե՞ս են ուսանողները սովորելու հրթիռային տեխնիկայի նրբությունները: Ակադեմիան բաց է նաև արտասահմանցի ուսանողների համար, ինչպե՞ս են կազմակերպվելու դասընթացները, չկա արդյո՞ք ազգային անվտանգության հետ կապված գիտելիքների արտահոսքի խնդիր: Ակադեմիայի ռեկտորը հավաստիացնում է, որ չկա նման խնդիր:
Մհեր Շահգելդյանը հավելեց, որ ակադեմիայի գլխավոր խնդիրը հենց մեր երկրում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումն է, ովքեր հետագայում կկարողանան աշխատել միջազգային անվտանգային և տնտեսական կառույցներում: Մնում է հուսալ, որ իսկապես ՀԱՊԿ և Եվրազես ակադեմիան չի արժանանա այն նախաձեռնությունների չակատագրին, որոնք մինչ օրս ստեղծվել են և որոնց գործունեության արդյունքները շոշափելի չեն, որ ակադեմիան իսկապես մեծ նպաստ կբերի թե լավագույն մասնագետների պատրաստման, թե ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում առկա խնդիրների արդյունավետ լուծման առումով: