Հասարակություն

Հասարակական վայրերում ծխելը կարգելվի

Ծխելու հետևանքով աշխարհում մահանում են միլիոնավոր մարդիկ: Ծխախոտի օգտագործումը  կարող է վնասել մարդու օրգանները և դառնալ քաղցկեղի պատճառ: Միևնույն ժամանակ` ծխախոտի օգտագործումը կարող է վնասել նաև շրջապատին: Հաշվարկների համաձայն` երկրորդային ծխից աշխարհում ամեն տարի գրանցվում է շուրջ 600 հազար վաղաժամ մահվան դեպք՝ այդ թվում երեխաների և կանանց շրջանում:   Այսօր Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն այս տարի նշում է «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք» կարգախոսով:

 
Եթե այսօր դեռևս կան սրճարաններ, որտեղ ծխողների և չծխողների սրահները գոնե առանձնացված են, ապա կառավարությանը ներկայացված նոր նախաձեռնության համաձայն՝ ամբողջությամբ կարգելվի ոչ միայն ծխախոտի մասին գովազդը, այլև ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ պայքարի ամենալավ միջոցը գրպանին հարվածելն է:

Ծխախոտի դեմ պայքարի օրը թերևս ևս մեկ առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով ամեն տարի  միլիոնավոր մարդիկ են մահանում, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում պասիվ ծխողները՝ նկատում է  Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«Եթե կարողանային վերացնել ծխախոտը մարդկանց կյանքից, ապա տարեկան 7  միլիոն մարդ չէր մահանա: Միայն պատկերացրեք 7 մլն մահ։ Դա ուղիղ համեմատական է համաշխարհային պատերազմների հետևանքով զոհերի  թվին: Եվ ամեն տարի այս թիվն աճում է: Միայն 600.000-ը մահանում են պասիվ ծխելու հետևանքով: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ստորագրել իրենց մահվան տակ, ովքեր պարզապես ծխողների հետ միևնույն սենյակում կամ մեքենայում են եղել: Այսինքն՝ կանայք և երեխաներ են: Գիտեմ, որ Հայաստանում շատ են սիրում երեխաներին, ուստի յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ երեխայի ներկայությամբ ծխելով պարզապես կործանում է նրան»:

Մինչդեռ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնում է, որ Հայաստանում ամեն 2-րդ տղամարդը ծխում է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Երևանում ծխողների 10 տոկոսը կանայք են:

Ծխողների մեծամասնությունը հավաստիացնում է, թե կարող է ապրել առանց ծխախոտի, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակավորապես հրաժարվողների մեծամասնությունը բավական է մեկ անգամ փորձի ու նորից դառնում է ծխախոտի գերի:

Ինչպես նկատում է Հայաստանի առողջապահության նախարարը՝ մենք հայերս, ծխող ազգ ենք, իսկ ծխելն անհաջողակ լինելու նշան է:

Back to top button