Մշակույթ

Հայաստանում է իսրայելցի ջազ երաժիշտ Ավիշայ Քոենը


Իսրայելցի կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։ Համերգը կկայանա մայիսի 31- ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Տրիոյի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):  Ավիշայ Քոենը ներկայացնելու է վերջին 15-20 տարվա  իր ստեղծագործությունները: Լինելու են և հին, և նոր գործեր:

 

 

Հայաստանում է աշխարհահռչակ իսրայելցի ջազկոնտրաբասահար Ավիշայ Քոենը: Ջազի և հատկապես Ավիշայ Քոենի արվեստի սիրահարներին այսօր և վաղը երեկոյան սպասվում է հաճելի ժամանց հրեական ջազի մոտիվներով: Ջազի ասպարեզում իր ուրույն ձեռագիրն ունեցող Ավիշայ Քոենն առաջին անգամ Հայաստան է եկել  17 տարի առաջ՝ աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեայի հետ և այսօր շատ ուրախ  է վերադառնալում համար, ինչպես ինքն է ասում,  նման հյուրընկալ մի երկիր և ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առաջ:

«Ես ներկայացնելու եմ վերջին 15-20 տարվա  իմ ստեղծագործությունները: Դրանց մի մասը նոր են, դեռևս ձայնագրված չեն: Կփորձեմ միքս տարբերակով ներկայացնել և հին գործերը, և նորը: Համերգի ընթացքում լինելու է նաև իմպրովիզ և անգամ ես հստակ չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու»:

Ավիշայ Քոենը ծանոթ է նաև հայ երաժիշտների ստեղծագործություններին: Մասնավորապես լսել է Տիգրան Համասյանի և System of a down-ի կատարումները: Թե ինչպես կընդունի հայ հանդիսատեսը Ավիշայ Քոենին, ցույց կտան առաջիկա համերգները: Ամեն դեպքում՝ աշխարհահռչակ ջազմենը կարծում է, որ ջազի սիրահարները բոլոր երկրներում էլ նույնն են:

Նշենք, որ Ավիշայ Քոենը՝ իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ գործիքավորող, ծնվել է Երուսաղեմում 1970 թվականին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել, իսկ 14 տարեկանում վերջնականապես սիրահարվում է ջազին: 22- տարեկանում Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, ապա աստիճանաբար ճանաչում գտնում երաժշտական շրջանակներում:  «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում» Ավիշայի մասին ասում են բոլոր նրանք, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա եռյակի ելույթները:

Back to top button