Պառավաքարում բացվել է պատմության թանգարան


Մայիսի 27-ին Տավուշի մարզի Պառավաքար համայնքում կայացել է գյուղի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատմում եմ գյուղի հարուստ անցյալի, պատմության, Արցախյան ազատամարտի ժամանակ ունեցած հերոսների մասին: Միջոցառման նախաձեռնող գեներալ-մայոր Արիս Բրուտյանը թանգարանի բացման արարողության ժամանակ շեշտել է, որ գյուղի մասին տարբեր պատմությունները մեկտեղելու գաղափարն իր մոտ հղացել էր տարիներ առաջ:
«Այս թանգարանը բացվել է այն հույսով, որ ժամանակի ընթացքում կհարստանա, համբավ ձեռք կբերի ու կծառայի ոչ միայն գյուղին, այլև ողջ տարածաշրջանին` դառնալով կապող օղակ անցյալի ու ներկայի միջև: Հավատացած եմ, որ թանգարանը կհամալրվի նաև ձեր ուժերով տարեցտարի հայտնաբերվող նոր նյութերով, փաստաթղթերով, ձեռագրերով, հիշատակարաններով, պատմական նշանակություն ունեցող կենցաղային և այլ իրերով` դրանով իսկ ամբողջացնելով հայրենի գյուղի պատմությունը: Ցանկանում եմ, որ իմ համագյուղացիները, նաև համերկրացիները, հաճախ լինեն այստեղ, ուժ առնեն անցյալից ու վառ հիշողությամբ հաղորդակցեն իրենց ակունքների հետ»:
Շուտով ընթերցողի դատին կներկայացվի նաև գեներալի հեղինակած «Ուտիք, Տավուշ-Շամշադին. Պառավաքար (միջնադարից մինչեւ այսօր)» գիրքը, որտեղ ամբողջացված է գյուղի պատմությունը: