ԿարևորՔաղաքական

Բացե՞լ քսակները, թե՞ ոչ


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառման ժամանակ հիշել էր Գարեգին Նժդեհի՝ Ղարաքիլիսայի ճակահամարտից հետ հնչեցրած  խոսքը՝  մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի:  Դրանից մի քիչ վաղ էլ  բաց նամակ էր հրապարակել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Նա նամակն ուղղել էր  հայ օլիգարխներին՝ հետեւյալ հռետորական հարցադրմամբ՝ մտածել եք, թե ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո: Ինչու են մեծահարուստներին ուղղակի ու անուղղակի հորդորներ ուղղվում, արդյոք այդ կոչերը տեղին են համարում քաղաքական դաշտի  ներկայացուցիչները ու ինչ են կարծում ՝ պատրաստ են արդյոք բացել իրենց քսակները մեծահարուստները:

 

«Հանուն Հայաստանի կյանքս էլ կտամ, ինչ ես ուզում»:

Այսպես անձնվեր  արձագանքել էր լրագրողների հարցին խորհրդարանում գործարար պատգամավորի համբավ ունեցո  Սամվել Ալեքսանյանը: Իսկ լրագրողների հարցը ծնվել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ օրերս, առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառման ժամանակ արված հայտարարություններից մեկից: Խորհրդարանի փոխխոսնակը  Լոռիում պատմական ակնարկ էր արել  և հիշել Գարեգին Նժդեհի կոչերից մեկը:

«Պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգևորականները պետք է աղոթեն մեր զինվորների հաղթանակի համար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պիտի համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները, և մենք բոլորս համախմբված կարող ենք հաղթել»:

Գարեգին Նժդեհն այս խոսքերն ասել է  մոտ 100 տարի առաջ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին: ԱԺ փոխխոսնակը դրանք արդիական  է համարում նաև այսօր ու Նժդեհի կոչը վերահասցեագրում մերօրյա մեծահարուստներին:  Արդյոք կոչը տեղին են համարում քաղաքական դաշտի  ներկայացուցիչները ու ինչ են կարծում ՝ պատրաստ են արդյոք բացել իրենց քսակները մեծահարուստները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան:

« Գիտեք, մենք ունենք տարբեր կատեգորիայի մեծահարուստներ: Մարդիկ, ովքեր իսկապես ազգային կապիտալի ներկայացուցիչներ են, իրենց երկիրն է, իրենց հայրենքին է և նրանց կապիտալը պետք է նաև արդյունք տա:  Բարեգործության ժամանակները կարծում եմ անցել են, հիմա կոնկրետ արտադրություն, աշխատատեղեր ստեղծելու ժամանակն է: Ես կարծում եմ, որ իմ նշած ազգային կապիտալի ներկայացուցիչները կգնան այդ ճանապարհով և մենք արդյունքներ կունենանք»:

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը նույնպես օրերս  բաց նամակ էր հղել հայ օլիգարխներին, որում հետևյալ հռետորական հարցադրումն էր արել՝ ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են»։

Այդ նամակում ՍԴ նախկին անդամը նույնպես հիշել և մեջբերումներ էր արել պատմությունից, մասնավորապես, թե ինչպես են մեծահարուստները հովանավորել տարբեր կրթական և մշակութային ծրագրեր և հենց այդ գործունեությամբ էլ մնացել պատմության մեջ։

Ի դեպ, նամակի առիթ , ինչպես  Վալերի Պողոսյանն էր բացատրել, դարձել էր  իտալական Մեդիչիների գերդաստանի պատմությունը: Այդ ընտանիքը ժամանակին եղել է Եվրոպայում ամենահարուստը: Բայց պատմության էջերում մնացել է ոչ թե  իր հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Մեդիչիները  հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»:

Ո՞ւր են ձեր դավինչիներն ու միքելանջելոները ՝ դիմելով մեր մեծահարուսներին հարցնում է  Սահմանադրական դատարանի անդամը:

Back to top button