Հասան Թամոյանը՝ ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ


Մյուս տարի կնշվի եզդի ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում հաստատվելու 100- ամյակը։ Այս ընթացքում մեր երկրում ամենախոշոր ազգային փոքրամասնությունը հնարավորություն է ունեցել պահպանելու իր ազգային ինքնությունը. այսօր Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվում են եզդիերենով ամենօրյա հաղորդումներ, տպագրվում է ամսաթերթ, գործում են բազմաթիվ կազմակերպություններ, ԳԱԱ- ում աշխատում են եզդի գիտնականներ եւ ահա այսօրվանից արդեն գոյություն ունի Եզդի գրողների միավորումը։ Այս կգործի Համահայկական գրողների միության կազմում։ Երեկ տեղի ունեցած միության հերթական նիստին մասնակցել է նաև եզդի համայնքի ստեղծագործողների 3 հոգանոց պատվիրակությունը՝ բանաստեղծներ Հասան Թամոյանը՝ նույն ինքը Հասանե Շեխ Մամուդեն, Ռազմիկ Շամոյանը՝ նույն ինքը Ռըզգանե Սըմոն և բանաստեղծուհի Հեղինե Խուբոյան՝ Հնարա Թաժդինը: Քվեարկության արդյունքում՝ Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ղեկավար Հասան Թամոյանն ընտրվել է եզդի գրողների բաժանմունքի նախագահ: Ավելի ուշ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հասան Թամոյանը խոստովանել է, որ տեղի ունեցածն իսկապես պատմական իրադարձություն է: