Հասարակություն

«Վերջին զանգի» օրը վթարի կամ վրաերթի ոչ մի դեպք չի արձանագրվել. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայությունը, ինպես նաև մանկավարժների, ծնողների և շրջանավարտների հետ զրույցներն իրենց արդյունքը տվել են, քանզի «Վերջին զանգի» օրը՝ մայիսի 26-ին, ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Մայիսի 26-ին հանրապետության ավագ դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»: Շրջանավարտների ևս մեկ սերունդ սկսեց ինքնուրույն ընթացքը կյանքում: Օրն իսկապես տոնական էր, և բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը: Արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը զանգվածային միջոցառումների ժամանակ ու ժամանցի վայրերում, որ սկսվեց վաղ առավոտից ու շարունակվեց մինչև ուշ գիշեր, մինչև հանդիսությունների ավարտը, և՛ ճանապարհային ոստիկանների աչալրջությունը երթևեկության կարգի ու կանոնների պահպանման գործում: Շնորհակալ ենք ծնողներին ոստիկանության հետ սերտ համագործակցության, զգոնության, ինչպես իրենց զավակների, այնպես էլ հանրային անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար»,- նշում է Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում «Վերջին զանգի» օրը նույնիսկ անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել: «Մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված շուրջ հարյուր տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ:Հուսով ենք, որ հաջորդ «Վերջին զանգին» նման իրավախախտների թիվն ավելի փոքր կլինի, իսկ հանարային իրավագիտակցության աստիճանն՝ ավելի բարձր»,- եզրափակում է Ահարոնյանը:

Կարդացեք նաև

Back to top button