Ջազի թագուհին 100 տարեկան է


Հայ անվանի երաժիշտ, ջազմեն Վահագն Հայրապետյանը «Ռադիոլուրին» պատմել է մայիսի 24–ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվող ջազային տոնի մասին։ «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով համերգը նվիրված է երգչուհու 100 ամյակին: Համերգի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վերջին փորձերն են ընթանում:
Դաշնամուրի մոտ ջազմեն Վահագն Հայրապետյանն է, նվագախումբը ղեկավարում է ՌԴ վաստակավոր արտիստ Կոստանդին Օրբելյանը, իսկ Էլլա Ֆիցջերալդի երգերից մեկը կատարում է աշխարահահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը։
Չենք ուզում փորձը խանգարել, լսում ենք երգչուհու հիանալի կատարումը, սպասում ենք մինչև ավարտվի ու մոտենում: Թերևս առաջին հարցը` առաջի՞ն անգամ եք Հայաստանում:
Երգչուհին լայն ժպտում է, ասում՝ Հայաստանի մասին ոչինչ չգիտեր, բայց երաժշտությունը երկիր ու ազգություն չի ճանաչում. նա մեծ սիրով է ընդունել հրավերը, քանի որ երգելու էր իր սիրելի արտիստի երգերը.
«Երկու օրերի ընթացքում շատ սիրեցի երկիրը, մարդկանց։ Այստեղ ամեն ինչ գեղեցիկ ու ջերմ է»:
Մարջորի Բարնսը ծնվել ու մեծացել է Նյու Յորքում: Նրա կարիերան շատ հետաքրքիր ու բազմաժանր է եղել: Ավելի քան 30 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում նա հանդես է եկել որպես դերասանուհի, երգչուհի ու արվեստի գործիչ: Դաշնակահար Վահագն Հայրապետյանը պատմում է, թե ինչպես միտք հղացավ կազմակերպել համերգ` նվիրված ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդի ծննդայն 100- ամյակին
Իսկ արդեն վաղը օպերայի բեմից հնչելու են Էլլա Ֆիցջերալդի բոլոր հայտնի երգերը, երգեր, որոնք նրա շնորհիվ դարձան հիթեր: Մարջորին ասում է, որ Էլլա Ֆիջերալդը ջազային արվեստի թագուհին է, տիրապետում է իմպրովիզացիայի արվեստին, որին շատ երգչուհիներ չեն տիրապետում:
Ես մինչև հիմա ուսումնասիրում եմ նրա երգելու արվեստը։ Հենց այստեղ հարց ենք ուղղում` ի՞նչ է ջազը իր համար՝ նկատելով՝ ամեն ջազ-երգչուհի տվել է ջազի իր բանաձևը: Ու մինչ երգչուհին կասեր, թե ջազն ինչ դեր ունի իր կյանքում, բանաձևը շտապում է տալ Վահանգն Հայրապետյանը:
«Ջազը սեքս է»: