Քաղաքական

Ինչպես են համագործակցելու «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը


6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հիմնականում արարողակարգային էր և ընտրական: Նորընտիր պատգամավորներն այդ 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 14 ընտրություն կատարեցին. ԱԺ նախագահ, փոխնախագահներ ընտրեցին, որոշեցին, թե ովքեր են ղեկավարելու 9 մշտական հանձնաժողովները: Առաջին նիստերը որոշակիորեն ուրվագծեցին, թե ինչպես ինչպես է ընթանալու խորհրհրդարանական բանավեճն  առաջիկայում:  Փոխարենն անորոշ է մնում հարցը, թե ինչ համագործակցություն է հնարավոր ընդդիմադիր 2 ուժերի՝ «Ծառուկյան դաշինքի» և «Ելք»-ի միջև: Կա արդյոք մի մարտավարություն, որով պատրաստավում է  ընդդիմությունը հակակշռել խորհրդարանական կայուն մեծամասնությանը:

 

75/40.  6-րդ գումարման խորհրդարանում այս հարաբերակցությունն ունեն իշխանական և ընդդիմադիր ուժերը: Խորհրդարանի 105 մանդատներից 75-ը  տնօրինում են իշխանական ուժերը՝ կոալիցիոն գործընկերներ Հանրապետականն ու Դաշնակցությունը: Տեղերից 40-ն ընդդիմությանն են՝ 9-ը «Ելք»ինը , 31-ը՝ Ծառուկյան դաշինքինը: Ի դեպ՝ ի տարբերություն նախորդ գումարման սկզբի, այս անգամ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը չի կարող իրեն համարել այլընտրանք: ԱԺ նոր կանոնակարգով՝ այսուհետ խորհրդարանում քաղաքական ուժերը կամ իշխանություն են, կամ ընդդիմություն:  Նստաշրջանի մեկնարկին  Ծառուկյան դաշիքնի առաջնորդը հենց այդպես էլ պարզաբանեց՝ եթե  իշխանություն չենք, ինքըստինքյան ընդդիմություն ենք:

«Անկախ նրանից՝ ընդդիմություն ես, իշխանություն, թե կոալիցիայի անդամ, պարտավոր ես ճիշտ մտածել»:

Եվ ճիշտ որոշումներ կայացնել՝ ասել էր Գագիկ Ծառուկյանը: Արդյոք սա չի նշանակում, որ  Ծառուկյան դաշինքն ընտրում է ոչ թե կոշտ, այլ մեղմ կամ կառուցողական ընդդիմության դիրքերը: Որակումներին դաշինքի անդամները դեմ են: Համենայն դեպս դրանց կողմ չէ  խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Մենք ընդդիմություն ենք, իսկ այլ որակումները քաղաքագիտական առումով տեղին չեն՝ կոշտ ընդդիմություն, մեղմ ընդդիմություն: Պետք է ազատվենք այն մտայնությունից, որ ընդդիմություն  նշանակում է իշխանության հետ թշնամություն»:

Իշխանության հետ Ծառուկյան դաշինքը թշնամություն չի անի: Իսկ արդյոք բարեկամություն կանի ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ելք»-ի հետ: Վարդան Բոստանջյանը վստահ չէ, որ համագործակցությունը բարեկամություն է դառնալու, բայց  վստահեցնում է, որ դրա փորձն արվելու է:

« Իրար հակառակվելով՝ քաղաքական ուժերը, լինեն ընդդիմություն թե իշխանություն,  ոչնչի չեն հասնելու: Մնում է կառուցողական մոտեցումը, ինչը նշանակում է  երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ համապատասխան մոտեցումների ցուցաբերում, ինչը չկասկածեք մենք անելու ենք, Ելքը նույնպես անելու է, հույս ունեմ՝ իշխանությունը նմանապես»:

Մինչ այժմ կայացած սակավաթիվ որոշումների հարցում ընդդիմադիր ուժերն առայժմ բարեկամություն չեն արել: Թե ԱԺ նախագահի, թե հանձնաժողովների հարցում  որպես ընդդիմություն հանդես եկող «Ծառուկյան դաշինքը» առայժմ պաշտպանել է  ոչ թե ընդդիմադիր «Ելքի», այլ խորհրդարանական մեծամասնության առաջարկները: Սա, սակայն,   Ելքում դեռևս հնարավորությունների սպառում չեն համարում:

« Իրենք պետք է իրենց տեղը ֆիքսեն: Այս առումով մենք մեր համագործակցության ձեռքը մեկնել ենք առաջին երկու օրերի մեր քվեարկություններով: Մենք պատրաստ ենք փոխադարձ աջակցություն ցուցաբերել Մնացածը պարզ կդառնա առաջիկայում»:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ ՝ 6-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր ուժերը իշխանությանը պետք է փորձեն հակակշռել ոչ թե քանակապես, այլ որակապես և բովանդակությամբ: Հակառակ դեպքում՝ քանակական հարաբերակցությունը ընդդիմության օգտին չէ:

«Մենք հակակշռելու ենք մեր տեսլականով, մեր այլընտրանքային մոտեցումներով: Մենք բովանդակային աշխատանքով ենք հակադրվելու: Սա է լինելու մեր մարտավարությունը, ոչ թե տեխնիկական մանդատների թվով հակադրվելու»:

Առնվազն քաղաքական քննարկումներ «Ելքն» ապահովել խոստանում է, արդյունքներին առաջարկում են հետևել:  Էդմոն Մարուքյանն առաջարկում է սպասել նաև ընդդիմության լիազորություններն ընդլայնող դրույթների փաստացի գործարկմանը:

Ընդդիմության լիազորություններն ընդլայնող դրույթներից  մեկը մի շարք սահմանադրական օրենքների ընդունման, կարևորագույն որոշումների կայացման  ժամանակ  խորհրդարանի 3/5-ով աջակցությունն պահանջն էր: Սա ներկայացվում էր որպես ընդդիմության ներգրավման հնարավորություն, քանի որ ենթադրվում էր, որ մեծամասնությունը մի շարք հարցերում ստիպված է լինելու փոխզիջման գնալ փոքրամասնությունը ներկայանցող ուժերի հետ:

Ուժերի գործող հարաբերակցության պայմաններում այս արտոնությունը մեր ընդդիմությանը այսպես ասենք չի վերաբերում : Խորհրդարանի 3/5-ը 65 պատգամավոր է,   իսկ խորհրդարանական մեծամասնությունն այդքան պատգամավոր ունի, ինչը նշանակում է, որ կարևոր որոշումները կարող է կայացնել նաև առանց ընդդիմադիրների մասնակցության:

Back to top button