Լինե՞լ, թե չլինել. լեզվի պետական տեսչության մասին


Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստի ընթացքում հավանության է արժանացել կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագիծը: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին: Բանավոր, իհարկե, հայտարարվել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել ավելի բարձր կարգավիճակ ունեցող մի մարմին, բայց այդ մտադրությունը որեւէ փաստաթղթում ամրագրված չի: Ինչպես են տեսչության լուծարմանը վերաբերվում ներկա և նախկին պետերը և ինչ ճակատագիր է սպասվում այս կառույցին։
ՀՀ կառավարությունը եւս մեկ քայլ է կատարել կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը լուծարելու ուղղությամբ։ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Դրանց արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Ըստ այդմ՝ մեր երկրում գործող 18 տեսչություններից, ծրագրի համաձայն, պետք է մնան ընդամենը վեցը և փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը։ Դրա լուծարումը նախատեսվում է տարեվերջին: Տեսչության լուծարման մասին լուրը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի` հայերենի գործառույթների սահմանափակման մասին է։ Լինել չլինելու հարցը թերևս ամենաշատը քննարկվում է հենց Լեզվի պետական տեսչությունում, որտեղ կառույցի լուծարման բոլորովին այլ հիմնավորումներ են ներկայացնում:
Լեզվի տեսչությունը փակում են, որովհետեև այն աշխատում է և խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպես հիմնավորեց տեսչության լուծարման առաջին և գլխավոր պատճառը տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը: Նրա փոխանցմամբ՝ բարեփոխումների խմբի անդամները եկել են այն եզրակացության, որ Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ և, ըստ էության, անպետք տեսչություն է:
Մարինե Հովյանը նկատում է, որ բարեփոխումների այս տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների` առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն: Իսկ այժմ եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը: Տեսչության պետի տեղակալը վստահ է, որ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առ քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի:
Մինչ լեզվի պետական տեսչության ներկայիս ղեկավարությունն իր մտահոգությունն է հայտնում կառույցի լուծարման առնչությամբ, տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը դրական է գնահատում կառավարության այս նախաձեռնությունը: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա նկատում է, տեսչությունը վաղուց արդեն իր գործառույթները չէր կատարում:
Այն, որ լեզվի տեսչության լծակները կրճատվել են, Լավրենտի Միրզոյանն այստեղ նաև տեսչությանն է մեղադրում: Տեսչությունն ինքն է զիջել իր գործառույթները՝ ասում է նախկին պետը և հույս հայտնում, որ նոր կառավարությունը տեսչությունը լուծարելուց հետո կստեղծի մի նոր մարմին, որին կտրվի ավելի բարձր կարգավիճակ, քան՝ ներկայում գործող տեսչությունն ունի: Լավրենտի Միրզոյանը հուսով է, որ կվերականգնվի Հայերենի տերմինաբանական կոմիտեն: