

Ռուսաստանի հետ Հայաստանն ունի գործակցային տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի շրջանակում Հայաստան ներկրվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է։ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ասում է, որ այն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ասում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՌԴ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել հատուկ պայմաններով։ Այվազյանը բացատրում է ինչ ասել է հատուկ պայմաններ։ Օրինակ, սպառազինության գնումների ոլորտում ռազմական տեխնիկան մենք Ռուսաստանի Դաշնությունից կարողանում ենք ձեռք բերել ներքին գներով, ինչը մեծ առավելություն և յուրահատուկ արտոնությունէ։ Իսկ թե ինչ զինատեսակներ են բերում՝ Լեւոն Այվազյանն ձեռնպահ մնաց նշել՝ ասելով, որ ռազմական գաղտնիք է:
Մյուս ծրագիրն էլ երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը ենթադրում է ռազմամթերքի ներկրում, ռազմարդյունաբերական համալիրում երկու պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցություն, համատեղ ձեռնարկությունների ստեղծում և այլն. Բացի համագործակցությունից՝ Լևոն Այվազյանը անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի արդիականացմանը, ասաց, որ տեսադիտարկող սարքերի տեղադրումը շարունակական գործընթաց է ու այն արդեն տվել է իր դրական արդյունքը. «Այդ սարքերի միջոցով ոչ միայն ավելի վերհսկելի է դառնում հակառակորդի շարժը, այլև ավելի անվտանգ մեր զինծառայողների հերթապահությունը»:
Լևոն Այվազյանը նշում է, որ սպառազինության արդիականացման ուղղությամբ աշխատանքները պետք է անընդհատ լինեն, քանի որ ռազմական ոլորտում մի միջոցի համար պարբերաբար գտնվում են հակամիջոցներ։ Հենց այս համատեքստում էլ լրագրողները հիշեցրեցին արդյո՞ւ ք սահմանային անվտանգությունը դեռ շարունակում են պահել հայտնի պահածոների մետաղյա տուփերի միջոցով:
Լրագրողները Լևոն Այվազյանին խնդրեցին մեկնաբանել նաև վերջերս Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը, թե «հայկական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել»։ Նկատենք, որ սա ՀՀ ԶՈւ սպառազինությունում հարվածային անօդաչուների մասին առաջին հիշատակումներ էր։
«Անօդաչու թռչող սարքեր մենք վաղուց ենք կիրառում, ինչ վերաբերում է հարվածայիններին՝ ես զերծ կմնամ մեկնաբանությունից» ։
Եվ վերջում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբի հայտարությանը։ Այվազյանն ասում է, որ քաղաքական առումով շատ կարևոր էր, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց, բայց Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը լարելու մեջ տրամաբանություն փնտրելը բարդ է։