Տնտեսական

Տնտեսական ակտիվությունն ավելի մեծ կլիներ, եթե չլինեին ընտրությունները. տնտեսագետ


Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց այս տարվա առաջին չորս ամիսների ցուցանիշեր: «Ռադիոլուրն» այսօր տնտեսագետների օգնությամբ փորձել է  պարզել՝ ինչ են փոխելու դրանք մեր՝ շարքային սպառողներիս կյանքում: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել է, որ դրական ցուցանիշեր  կան, սակայն դրանցից  օգտվելու համար շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու: Որպես օրինակ, նշել է ռուսական շուկայում թուրքական արտադրանքի նկատմամբ  արգելքն  ու կարծիք հայտնել, որ  «կարող էինք ավելի լավ լուծումներ գտնել, սակայն, սահմանափակվեցինք ավելի նվազ ջանքերով»:  Որոշակի փոփոխություններ նկատում է, սակայն ամենակարևոր  ջանքը՝  շարքային քաղաքացու հոգսն ու ցավը հասկանալը, լուծումներ գտնելը,  ինչպես այս, այնպես էլ նախորդ կառավարությունների դեպքում դեռ  նկատելի չէ:  Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը նույնպես դրական  միտումներ նկատել է:  Նա վստահ է՝ տարին փակելու ենք խոստացվածից` 3,2 տոկոսից  ավելի բարձր տնտեսական աճով:

 

Հայաստանում ընտրական ակտիվ գործընթացն անցյալում է։ Ավարտվեցին թե խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրությունները: Այս ընթացքում բազմաթիվ խոսակցություններ շրջանառվեցին ընտրակաշառքների մասին և ոչ միայն: Ընդհանրապես՝ փորձագետների մի խումբը կարծում է, որ աստիճանաբար Հայաստանում այսպես ասենք ընտրական բիզնես է ձևավորվում՝ տարածքների վարձակալություն, որոշակի ակտիվացում  մարզային այցելությունների ժամանակ: Այս ընթացքում կամա թե ակամա որոշակի ծախսեր կատարվեցին: Սրանով էր պայմանավորված, թե՝ ոչ , դժվար է միանշանակ ասել, սակայն այս տարվա առաջին եռամսյակում  տնտեսական որոշակի աշխուժացում  նկատվում էր: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  կարծում է, որ, եթե ընտրություններ չլինեին, տնտեսական ակտիվությունն ավելի մեծ կլիներ:

Կանխատեսումներ կային, որ տնտեսական ցուցանիշերը  ընտրություններից հետո նվազելու են:  Սա ոլորտի պատասխանատուները չէին հերքում:

Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա առաջին չորս ամիսների  ցուցանիշերը երեկ ներկայացրեց: Հունվար-ապրիլ ամիսներին  նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է մոտ 6 տոկոս (5,7%) տնտեսական ակտիվություն  (http://www.armstat.am/file/doc/99502768.pdf):

Հիշեցնենք,  հունվար-մարտին  այն կազմել էր մոտ վեցուկես տոկոս (6,6 տոկոս):  Մասնագետների օգնությամբ փորձենք հասկանալ, թե ինչ են հուշում  այս թվերն ու  ինչ կտան դրանք մեզ՝ շարքային սպառողներիս:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այս տարի որոշակի դրական միտումներ նկատել է՝ գազի, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների, բիզնես միջավայրի բարելավման միջոցառումներ: 2016-ի հետ համեմատած՝ ապրիլյան պատերազմ, գյուղատնտեսության ոլորտում անկում և ոչ միայն, այս տարի դեռ բացասական միտումներ նկատելի չեն. «Առաջին եռամսյակի միտումները խոսում են, որ որոշակիորեն  դրական ազդակներ կան բիզնեսի առումով, բայց սրան երկարաժամկետություն հաղորդելու համար շատ կարևոր է շարունակականությունը և  հատկապես այն, թե ինչպես ենք մենք տնտեսական մոդելի կառուցվածքային փոփոխություն իրականացնելու»:

Տնտեսագետի դիտարկմամբ, սակայն, կառուցվածքային  ու որակական առումով դրական փոփոխություններ դեռևս նկատելի չեն, ուստի և ցուցանիշերի պահպանման շարունակականությունը վտանգված է: Զրուցակիցս  տնտեսության դիվերսիֆիկացման՝ հավասարակշռվածության   անհրաժեշտություն, այդուհանդերձ, նկատում է:

«Դիվերսիֆիկացիաի առումով մենք քայլեր ձեռնարկում ենք, սակայն, ամբողջովին ասենք, որ քայլեր ձեռնակում ենք և վստահություն ենք շահել, նորանոր շուկաներ ենք փորձում արտահանել, այս մասով դեռևս խնդիրներ կան»:

ԳՀՄՆ Գագիկ  Մակարյանն ընդգծում է՝ այս տարին ավելի լավն է լինելու: Նախ՝ կառավարությունն  է սկսել բարեփոխումների իրականացումը,  լուծումներն ավելի գլոբալ են՝ վարչարարության կրճատում, օրենսդրական փոփոխություններ, իսկ ամենակարևորը՝ ստվերի կրճատում

«Այն, ինչ առաջ չէր երևում հիմա  սկսել է երևալ»:

Ստվերի դեմ պայքարի շարունակման դեպքում  դրական միտումները կշարունակեն ակնհայտ լինել: Հայաստանի տնտեսական դաշտում կարևորվում է նաև ռուսական շուկայի կայունացումը:  Այն կայունացել է, սակայն շուտով այստեղ կրկին կհայտնվեն թուրքական ապրանքները: Արգելքը հանված է, վտանգված չէ՞ արդյոք հայկական արտադրանքը՝ հարցնում եմ. «Կարող է ազդել, բայց այդքան չէ: Մենք չհասցրեցինք այդքան շատ բան անել, ավելի շատ մեր տրադիցիոն արտահանողները՝ գինի, կոնյակ, պահածոնե արտահանողները փորձեցինք նախկին վիճակի գալ»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ թուրքական ապրանքներն արդեն ՌԴ-ում ուղղակիորեն կվաճառվի, սա մարտահրավեր է ՝ ուղղված կառավարությանը: Ի  վերջո, ի՞ նչ են փոխելու մեր իրական կյանքում տնտեսական դրական ցուցանիշերը՝ հարցնում եմ Արտակ Մանուկյանին

«Ցավոք, մենք դեռ չենք կարող խոսել ժողովրդի բարեկեցության, սոցիալ-տնտեսական պայմանները լավացել են, աղքատության ցուցանիշը, որ նայենք, աննշան չափով է նվազում ունեցել: Ժողովրդի մեծամասնությունը,  կախված լինելով  տրանսֆերտներից, այլ գործոններից, մեծ հաշվով նրանց կյանքը չի լավացել»:

Այստեղ կարևորվում է ՓՄՁ-ների զարգացումը: Ի դեպ, Արտակ Մանուկյանի խոսքով, 2018թ  նրանք նոր խնդիրների առջև կկանգնեն, եթե Հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնի այս տեսքով ու առանց փոփոխությունների:

Back to top button