Հասարակություն

ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է կանխել հետագա բարդությունները. Ֆիլիպ Ջենթի

Յուրաքանչյուր ընտանիքում  երեխայի ծնունդը սպասված  ու անփոխարինելի զգացողություն է: Փոքրիկը  փոխում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը մի քանի օրում արդեն:

Ցավոք, միշտ չէ, որ լույս աշխարհ եկած փոքրիկները առողջ են ծնվում:  Սթրես, բնապահպանական խնդիրներ, վնասակար սովորություններ, ժառանգական  գործոն:  Պատճառները երկար կարելի է թվարկել։ Ինչպես  աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծնվող փոքրիկների մի մասը  բնածին արատներով է ծնվում:  Բնածին արատների առաջին եռյակում կենտրոնական նյարդային  (ԿՆՀ) և հենաշարժողական համակարգերի, սրտի բնածին արատներն են: Մահացության ցուցանիշով  նրանք, առաջատարն են:

Վիճակագրության համաձայն, ամեն տարի ծնված 1000 երեխաներից  9-10 այս խնդիրն ունեն ՍԲԱ (0,9-1%):  Հայաստանում տարեկան միջինը ծնվում է 45 հազար երեխա,  դրանցից 400- 500 սրտի բնածին արատով։ «Ռադիոլուրի »  զրուցակցի որդին՝ 11-ամյա Մխիթարը,  սրտի բնածին արատով է  ծնվել: Նրանք  Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքից են: Մայրը՝ Լաուրան, պատմում է, որ չնայած հղիության շրջանում ՈւՁՀ անցել է, սակայն խնդրի մասին չի էլ  իմացել:

Աշխարհում վաղուց արդեն կիրառվում է  մինչ երեխայի ծնունդը պտղի մոտ տարբեր հիվանդությունների ժամանակին ախտորոշման պրակտիկան: Հայաստանը փորձում է  հետ չմնալ, սակայն միշտ չէ, որ հաջողվում է:

Հայ մասնագետներն առաջիկա երկու օրերին հնարավորություն ունեն կենդանի լեգենդի հետ շփվելու:  ՀՀ առաջին տիկին  Ռիտա Սարգսյանի հրավերով Երևանում է Ֆիլիպ Ջենթին: Պրոֆեսորի  կողմից մշակված  ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են յուրաքանչյուր օգտագործվող ուլտրաձայնային սարքում: Նա էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրն է:  Հայ մասնագետներն այս  օրերին  պտղի էխոսրտագրության մասին կլսեն անձամբ  Ֆիլիպ Ջենթիից: Առաջին անգամ Հայաստանում գտնվող գիտնականը հիացած է  Հայաստանով ու հայերով, սակայն մեր երկրի մասին  դեռ  շատ բան չգիտի.

«Ես  բավականաչափ տեղեկություն  չունեմ, թե ինչպես է Հայաստանում ուլտրաձայնային հետազոտությունն արվում:  Բայց ես ունեմ ընկերներ, որոնք ինձ պարբերաբար իրենց հետազոտությունների  պատկերներն են ուղարկում, ինչի հիման վրա կարող եմ  ասել, որ ամեն բան լավ է»:

Աշխարհում  արդեն  ոչ միայն  ներարգանդային փուլում հիվանդություններն են հայտնաբերում, այլ դեռ չծնված երեխայի՝ պտղի վիրահատություններ են կատարում: Նախորդ տարի աշնանը  Մեծ Բրիտանիայի բնակիչ  Ֆրենկի Լեւիսի ողնաշարը վիրահատվեց դեռ չծնված: Նրա մայրը հղիության 24-րդ շաբաթում էր գտնվում: Վիրահատությունը բարեհաջող անցավ, երեխան այժմ  շարժում է  ոտքերը,  ոտնաքայլակով քայլում: Հայաստանում, ցավոք, նման վիրահատություններ  չեն արվում:

Մանկաբարձության ու գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ  Կարիեն Թոխունցը մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այդ փուլին հասնելու համար անելիքները շատ են:

Back to top button