ՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում` Մինսկում, կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և գործառույթներին: