Ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Ըստ հաղորդագրության, հանցագործությանը ներգրավված են եղել մեկ տասնյակից ավելի անձինք`ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողի գլխավորությամբ: Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ կոռուպցիոն այս սկանդալին անդրադառնալով՝ Հայատանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շեշտել էր, որ գործի բացահայտումը ԵՄ-ի և Հայաստանի իրավապահ մարմինների լավ համագործակցությամբ կարող է իր դրական անդրադարձն ունենալ երկու կողմերի վրա:
ԵՄ գրասենյակում կոռուպցիոն վերջին սկանդալին անդրադառնալով՝ մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շեշտել է, որ խարդախության դեպքը բացահայտվել է ԵՄ-ի կողմից՝ Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի միջոցով: Դա կարևոր հանգամանք է գործում՝ շեշտել է նա: Հանրային ռադիոյին օրերս տված հարցազրույցում էլ մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը ԵՄ պատվիրակության առաջնահերթություններից է, ինչի համար նաեւ ԵՄ-ն մեծ դրամաշնորհներ է տրամադրում: Նա նաեւ խոսել է այդ միջոցների վերահսկման մասին.
«ԵՄ տրամադրվող ֆինանսական միջոցների մեծ մասը գնում է բյուջե եւ դրանք հստակ վերահսկվում են։ Սկզբում մենք պայմանավորվում ենք կառավարության, նախարարությունների հետ. ինչ պետք է իրականացվի այդ փողով եւ հետո սկսվում է հաշվետվության գործընթացը։ Մենք ստուգում ենք՝ համատեղ մշակված նպատակները իրականացվե՞լ են, եւ հետո՝ համատեղ ստուգում ենք այս միջոցները ծախսվե՞լ են։ Այնպես որ՝ ունենք ստուգման պրոցեդուրա։ Կա նման պրոցեդուրա նաեւ դրամաշնորհների համար։ Ինչպես երեւում է, այն նույնպես լավ աշխաում է։ Այսինքն՝ մենք ունակ ենք բացահայտելու դեպքերը, երբ այդ միջոցներն օգտագործվում են պայմանավորվածություններին համաձայն»։
Նշենք նաեւ, որ Սվիտալսկին չի կիսում լրատվամիջոցներում տեղ գտած դիտարկումները, թե ԵՄ գրասենյակի կոռուպցիոն սկանդալը կարող է ազդեցություն ունենալ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա, քանի որ համատեղ լավ աշխատանք է տարվում գործի բացահայտման ուղղությամբ: Ամբողջ ընթացքում ԵՄ Խարդախության դեմ պայքարի գրասենյակը տեղեկացվում է Հայաստանի քննիչների աշխատանքից: Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ՝ ասել է նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից:
Նկատենք, որ Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն առնչվող այս սկանդալը մեզանում եզակի դեպք չէ: Կոռուպցիոն սկանդալների որոշ օրինակներ մեզ հետ զրույցում ներկայացրեց Հետաքնող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ նման երեւույթների մասին ընկերակցության «Հետք» կայքում հրապարակումներ լինում են, գրեթե, ամեն օր: Վերջին ամենաաղմկոտ պատմությունն էլ հայտնի օֆշորային սկանդալն էր՝ հիշեցրեց Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավարը.
«Ամենավերջին՝ մեծ օֆշորային պատմությունն է՝ կապված Միհրան Պողոսյանի հետ, որը հիմա ԱԺ պատգամավոր է: Դա էր, որ բավականին արձագանք եղավ, բայց արդյունքում որեւէ բան չեղավ, որովհետեւ, ինչպես ասել էի, հատուկ քննչական ծառայությունը իրականում քննություն չի կատարել եւ ամեն ինչ արել է, որ այդ գործը փակվի»:
Նշենք, որ հիշյալ գործի քննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը կարճեց քրեական գործի վարույթը, քանի որ չի հիմնավորվել ԴԱՀԿԾ նախկին ղեկավարի՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեության մասնակցելը, այսինքն՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Մեղադրանքներն ի սկզբանե հերքել էր նաեւ ինքը՝ Միհրան Պողոսյանը:
Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կոռուպցիոն տարբեր՝ մեծ կամ փոքր պատմություններ գրեթե ամեն օր լինում են իրենց հրապարակումներում: Ինչ վերաբերում է այդ հրապարակումներին իրավապահ մարմինների արձագանքին. «Արձագանքներ լինում են՝ երբեմն, երբեմն՝ չեն լինում: Նայած՝ որ մակարդակի պաշտոնյաներին է վերաբերվում. եթե ներքին օղակի, ասենք՝ համայնքապետ եւ այլն, մակարդակում է, շատ արագ արձագանքում են: Երբեմն ինչ-որ բաներ լինում են՝ քրեական գործեր են հարցվում, պատժվում են, գումարներ են հետ տալիս պետական բյուջե – այդպիսի դեպքեր շատ են եղել. վերջին մեկ տարվա ընթացքում ունենք գոնե մի քանի դեպք, երբ որ բյուջե գումար են վերադարձրել՝ մի քանի միլիոն դրամ»:
Հետաքննող լրագրողների ընկերակցությունը հիմա նաեւ այլ մարտավարություն է որդեգրել.
«Հոդվածները հրապարակելուց հետո, իրավապահներին հարցում ենք ուղարկում: Այսինքն, ստիպում ենք, որ իրենք աշխատեն: Դա արեցինք մի բանի պատճառով. երբ որ Միհրան Պողոսյանի գործը փակվեց, մենք ուզեցինք կարճման որոշումը, ՀՔԾ-ն հրաժարվեց տալ՝ ասելով, որ մենք կողմ չենք: Դրա համար հիմա մենք արդեն նամակներ ենք գրում, որ՝ սա /հրապարակումը/ հանցագործության մասին հաղորդում ընդունեն, որպեսզի նման ձեւով հետո մեզ չկարողանան պատասխանել եւ տեսնենք, թե ինչ հիմքերով են փակում այդ գործերը»:
ԵՄ գրասենյակում կոռուպցիոն սկանդալին անդրադառնալով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նաեւ շեշտել էր, թե հարցն ավելի ընդգրկուն է եւ ներառում է կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես:
«Դա մեր համար առաջնահերըթ է։ Ես այս թեմային մասին խոսել եմ երկրի ղեկավարության հետ։ Վերջին ամսիներին մշակվել են շատ լավ ծրագրեր, որոնք շուտով կիրականացվեն՝ ե՛ւ անկախ ինստիտուտի ստեղծման, ե՛ւ մի շարք օրենսգրքերի ընդունման առումով, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը հստակ դրված են։ Մենք որպես ԵՄ պատսրատ ենք համատեղ աշխատել կառավարության հետ: Ես ցանկանում եմ ավելացնել, որ վերջին շաբաթներին մենք հայտարարել ենք՝ ներկայացնելու համար նախագիծ՝ ուղղված համատեղ ուժերով ավելի լավ վերահսկելուն, թե ինչպես են մեր ծրագրերը, քաղաքացիական հասարակության հետ համատեղ նպատակները իրականանում Հայաստանում»:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ այժմ սպասում են առաջարկությունների։ Պյոտր Սվիտալսկին շեշտել է, որ կառավարությունը շահագրգռված է, որ ԵՄ միջոցները լավ օգտագործվեն։ Կարծում եմ, որ սա մեր ընդհանուր շահն է։ Հուսով եմ, որ կոնկրետ արդյունքների կհասնենք։ Ինձ համար դա առաջնարհերթությունն է։ Ամեն տարի 50 մլն եվրո՝ ամեն շաբաթ 1 մլն եվրո ենք փոխանցում Հայաստան՝ եզրափակել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։