Զանիերն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մայիսի 18-ին հայտարարել է, որ կազմակերպությունը ստիպված է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի հետագա մանդատի հետ կապված հնարավոր չի եղել հասնել կոնսենսուսի: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հետևում է մի քանի ամիսների բանակցություններին ու 2016թ. ԵԱՀԿ գերմանական նախագահության և 2017թ. ԵԱՀԿ ավստրիական նախագահության նշանակալի ջանքերին, որոնք ուղղված էին մանդատի երկարաձգման հետ կապված փակուղու հաղթահարմանը:
ԵԱՀԿ-ն իր գրասենյակը Հայաստանում բացել է դեռևս 2000 թվականին: Գլխավոր քարտուղար Զանիերը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, իր նվիրված անձնակազմով, նշանակալի ներդրում է ունեցել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած Հայաստանի իշխանությունների հանձնառությունների իրականացման աջակցության և խորհրդատվության հարցում: «Հայաստանի հետ համագործակցությունը միշտ էլ արգասաբեր է եղել»,- նշել է նա:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանում ԵԱՀԿ գործունեության մեջ մտնում էին, ի թիվս այլ հարցերի, ոստիկանության բարեփոխումներին օժանդակությունը և աջակցությունը բիզնես գործունեությանն ու քաղաքացիների ամենօրյա կյանքին վերաբերող ազգային կարգավորիչ շրջանակային օրենսդրության վերանայմանը: 2006թ-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստեղծել է ծրագրերի իրականացման կենտրոն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ից: