Ստվերի դեմ պայքարի խնդիրները եւ պայքարի պտուղները


Վերջերս Հայաստանի ՊԵԿ-ը հայտարարեց, որ անցած 7 ամիսներին հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Կառույցի ղեկավար Վարդան Հարությունյանը վստահեցրեց, որ աճը պայմանավորված է հիմնականում ստվերը սպիտակ դաշտ բերելու հանգամանքով եւ դա արվել է խոշոր տնտեսվարողների հաշվին: Խնդիրն այսօր քննարկվել է մամուլի ակումբներից մեկում:
Դեռ 2016-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը ՊԵԿ-ի գնահատմամբ կազմում էր 48.8 տոկոս: Օրերս ամփոփելով անցած ամիսների գործունեությունը՝ ՊԵԿ նախագահ վարդան Հարությունյանը հայտարարեց, որ եկամուտների մուտքը պետական բյուջե աճել է եւ դա պայմանավորված է հիմնականում խոշոր տնտեսվարողների մոտ ստվերի կրճատմամբ:
«Այժմ ես կարող եմ հնչեցնել, որ այդ թիվը նվազել է: Մասնավորապես, մարտ ամսին այն կազմել է 33.2 տոկոս: Հետեւողական աշխատանք ենք տանում ստվերը սպիտակ դաշտ բերելու ուղղությամբ եւ բյուջեի այս մուտքերը հիմնականում պայմանավորված է դրանով»:
Ստվերի դեմ պայքարի խնդիրներին այսօր անդրադարձան նաեւ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն ու «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, սակայն, կարծում է, որ հարկերի աճն է ներկայացվում որպես ստվերի կրճատման արդյունք: Ըստ նրա՝ ավելացել են խոշոր հարկատուների հարկային եկամուտները. «Եթե նայում ենք խոշոր հարկատուների ցանկը, այդտեղ էլ է աճ երեւում՝ մոտ 10.5 տոկոսով 100 խոշոր հարկատուներն ավելի շատ հարկ են վճարել այս տարվա հունվար-մարտին, քան անցած տարվա»:
Բնակչության կենսամակարդակի վրա էլ դրա ազդեցությունը, ըստ վերլուծաբանի, չէր կարող միանգամից երեւալ, քանի որ, Բաբկեն Թունյանի պատկերավորմամբ, եթե նախկինում 100 դրամից գանձվող 20 դրամ հարկի միայն 10 դրամն էր մտնում բյուջե, իսկ մյուս 10 դրամը՝ գնում էր կոնկրետ գրպան, ապա հիմա պարզապես այդ 20 կամ 19 դրամն է մտնում պետական բյուջե: Այսինքն՝ տնտեսության ծավալները փոփոխություն չեն կրել եւ միայն գումարի ճանապարհն է փոխվել:
« Ազդեցությունը կերեւա, երբ սկսվեն այդ գումարները վերաբաշխվել, բայց ժամանակահատվածը չափազանց կարճ է եւ դժվար է ասել, թե հետո այդ նույն տեմպերը կպահպանվեն, թե ոչ»:
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հաշվարկով՝ այս պահին ստվերը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 29.7 տոկոս: Ստվերն ավելի շատ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում է, իսկ ավելի քիչ՝ գյուղատնտեսության եւ արդյունաբերության՝ ասաց: Պետական քաղաքականության մասին էլ ասաց, որ եթե կա ստվերի դեմ պայքարի իրական նպատակ, ապա արդյունքներ կլինեն:
«Կարեւորը արդյունավետ աշխատելն է: Ինչ-որ փոփոխություններ կան, բայց, ըստ իմ հաշվարկի, ստվերային տնտեսությունը կրճատվեց 7 տոկոսով, ոչ թե 14 տոկոսով»:
Ըստ փորձագետի, հարկերի 10 տոկոսով ավելի շատ հավաքագրման մեջ մինչեւ 7 տոկոսն առնչվում է տնտեսական աճին, մինչեւ 1 տոկոսը՝ գնաճին, իսկ մնացած 3 տոկոսից փոքր ինչ ավելն է միայն վերաբերում ստվերի կրճատմանը:
Ստվերը հարկային դաշտ բերելու խնդրին անդրադառնալով՝ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը նաեւ ինստիտուտների աշխատանքների մեջ է: Երբ վերահսկողությունը թույլ է՝ ռիսկեր են ավելանում, բացի այդ՝ խնդիր է տնտեսության զարգացման մակարդակը. եթե մարդիկ աղքատ են, փոքր բիզնեսի համար գոյատեւման խնդիր է լինում եւ նրանք եկամուտները չեն բարձրաձայնում: Հակառակ դեպքում՝ կփակվեն: Պետք է գտնել կամ ոսկե միջինը կամ հաշտվել մտքի հետ, որ ստվերը հնարավոր չէ մինչեւ վերջ վերացնել՝ ասաց Հրանտ Միքայելյանը: Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի կարծիքով, մինչդեռ, գործարարը մնում է ստվերում, եթե այդտեղի ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում:
« Եթե հարկայինի աշխատողին կաշառելն ավելի ձեռնտու է, քան օրինական հարկեր մուծելը: Այսինքն, հարկային դրույքաչափերը պիտի գործարարի համար բեռ չդառնան, որ մրցունակ լինի: Պետք է հավասար մրցակցային պայմաններ լինեն: Բացի այդ՝ վստահություն, թե այդ հարկերն ինչպես են ծախսվում. չեն ուզում հարկեր մուծել, որովհետեւ դրանց մի մասը գրպանվում է: Այս վստահության խնդիրը պիտի լուծվի»:
Կողմերը իրար չեն հավատում: Երկխոսություն է պետք, որ այդ խնդիրները լուծվեն: Ոչ ոք չի հավատում, որ հարկային որեւէ փոփոխություն կլինի ի շահ բիզնեսի՝ կարծիք հայտնեց վերլուծաբանը: