Այսօր Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է և տարածաշրջանային նախագծերում կարող է ներգրավվել` իր հարևանների հետ համագործակցության արդյունքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա մասնակցել է վերականգնվող էներգետիկայի զարգացման խնդիրներին վերաբերող համաժողովին: Դեսպան Միլսը շեշտել է, որ այդ հնարավորությունները ներառում են թե՛ ավանդական էներգաարտադրությունը, թե՛ վերականգնվող կանաչ էներգիայի արտադրությունների կիրառումը: Հայկական կողմից կազմակերպիչները վստահ են, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու ատոմային էներգետիկան այս պահին իրարամերժ չեն:
Վերականգնվող էներգիան էներգետիկայի ապագան է: Դրա առավելությունները Հայաստանի համար կիրառելի եւ հարմար են թե՛ այսօր, թե՛ ապագայում: Սա օրվա համաժողովի առանցքային ուղերձն էր: Հայաստանում վերականգնվող էներգետիակայի ոլորտում ԱՄՆ-ի կողմից զգալի ջանքերի եւ ֆինանսական միջոցների ներդրումն արդյո՞ք նշանակում է, որ վերջինս Հայաստանում չի տեսնում ատոմային էներգետիկայի հեռանկար: Մեր այս հարց-դիտարկմանն արձագանքելով՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը շեշտեց, որ դրանք իրարամերժ ողղություններ չեն:
«Բոլոր երկրներն էլ ձգտում են ոլորտի մաքսիմալ դիվերսիֆիկացման, այդ թվում եւ Հայաստանը: Վերականգնվող էներգետիկան ատոմային էներգետիկայի ապագայի վրա ներկա պահին ոչ մի ազդեցություն չի ունենա»:
Մեկօրյա համաժողովի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները և շուրջ 70 հայկական ընկերություն պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներ: Համաժողովին մասնակից ամերիկյան ընկերություններից մեկը հոսանքի փոխանցման և բաշխման սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացված «Մակլեան փաուեր ինթերնեշընըլ» կազմակերպությունն էր: Ընկերության ղեկավար Մարգարեթ Մակլեանին լսենք:
«Հայաստանում ես մեծ ներուժ եմ տեսնում էներգետիկ ոլորտում. Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ և այդ առումով զարգացման մեծ հեռանկարներ ունի»:
Անդրադառնալով ներդրումներին՝ Մարգարեթ Մակլեանը նշեց, որ համաժողովին մասնակցում են՝ հասկանալու, թե զարգացման ի՞նչ մեխանիզմներ է փնտրում հայաստանյան շուկան ու ինչպե՞ս են մտադիր այս ոլորտում իրենց աշխատանքները ծավալել:
«Նախեւառաջ մենք կուսումնասիրենք արդյունաբերական ճյուղը և գյուղական էներգամատակարարման ուղղությունը. այն ուղղությունները, որոնք ամենաշատ օգուտները կարող են ստանալ այս ոլորտի դրական տեղաշարժից»:
Հայկական ընկերությունների ակնկալիքների մասին. մենք զրուցեցինք «Արփի սոլար»-ի հիմնադիր Հայկ Չոբանյանի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատեց, որ ոլորտում Հայաստանը հպարտությամբ կարող է խոսել իր անցած ճանապարհի մասին. վերջին 5 տարիների ընթացքում էլ էլեկտրաէներգիայի արտադրությունը 20 տոկոս աճ է գրանցել:
«Ներկայումս Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ եւ սա նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է, եւ արդեն տարածաշրջանային նկատառումներ այստեղ կարելի է քննության առնել»:
Ոլորտում Հայաստանի հնարավորությունները ներառում են ինչպես ավանդական էներգաարտադրությունը, այնպես էլ նոր, վերականգնվող՝ կանաչ էներգիայի աղբյուրների կիրառումը՝ շեշտեց դեսպանը: Հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտն է ԱՄՆ ընկերությունների հետաքրքրությունների շրջանակում: Դա երկուստեք շահավետ կլինի՝ կարծում է դեսպան Միլսը: Նա նաեւ նշեց, թե ԱՄՆ դեսպանությունը չի կարող որեւէ երաշխիք տալ էներգետիկայի վերականգման ոլորտում իրենց աջակցության շնորհիվ հնարավոր արդյունքների վերաբերյալ:
«Մեր աշխատանքն այն է, որ մեկ հարկի տակ ենք հավաքում ամերիկյան գործարարներին, ոլորտի հնարավոր պոտենցիալ հայ գործարարներին, ներկայացնում հնարավորությունները, օգնում, որ նրանց միջև երկխոսություն ձևավորվի եւ շարունակվի»։
Կազմակերպված համաժողովն էլ նման մի քայլ է՝ ասաց դեսպան Միլսը։ Նրա խոսքով՝ Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է, որ ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, և առավելապես կարևոր է, որպեսզի կառավարությա՛ն կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար: Ամերիկյան ընկերությունների կողմից շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել այս ոլորտի նկատմամբ՝ վստահեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: