Մշակույթ

«ՄԻՍՍ ԱՊՀ»-ին կմասնակցեն երեք հայ գեղեցկուհիներ

Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք մասնակիցներ: Նրանցից երկուսի անուններն արդեն հայտնի են. երրորդ գեղեցկուհու անունը պարզ կդառնա ավելի ուշ:

Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանն մեծ փորձ ունեն, մասնակցել գեղեցկության մրցույթների ու ամենատարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:

«Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Back to top button