

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դեռեւս բացի «Երկիր Ծիրանի» կուսակցության, ամփոփել են ընտրությունների արդյունքները: Հանրապետականի համար ավագանու ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական, իսկ «Ելքը» արձանագրում է, որ մայրաքաղաքում ունեն համակիրների կայուն և ամուր հենարան, Երևանի ավագանիում իրենց համարում են դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը ու քաղաքապետարանում հանդես են գալու նրանց անունից: Խոսելով նաեւ «Երկիր Ծիրանի» մասին՝ երեկ Զարուհի Փոստանջյանի եւ իրավապահների հետ տեղի ունեցած քաշքշուկից հետո, կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ «սրանք ընտրություններ չէին»: «Ռադիոլուր»-ը շրջել ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցությունների շտաբներով:
Հանրապետական կուսակցության համար ընտրությունների նախնական արդյունքները գոհացուցիչ եւ տպավորիչ են, ինչպես նաեւ կանխատեսելի, քանի որ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին քվեարկած ընտրողների ձայների 70 տոկոսը ապացուցում է, որ նախընտրական շրջանում կարողացել են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Հանրագումարի բերելով քվեների թիվը՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին գիշերը հայտարարեց, որ ՀՀԿ համոզիչ հաղթանակ է տարել՝ մրցակցային պայքարում, բայց ժողովրդավար ճանապարհով:
« Բոլոր խնդիրներով այս ընտրությունները արձանագրեցին մեր ժողովրդավարական բարեփոխումների անշեղորեն ընթացքը: Ընտրությունները մրցակցային էին, բայց Տարոն Մարգարյանի վստահությունը, պրոֆեսիոնալիզմը եւ կատարած աշխատանքը, բնականաբար, այլընտրանք չուներ»:
Եթե Հանրապետականի համար ընտրական արդյունքը նաեւ կուսակցության կոփվածությունն էր ընտրական գործընթացներում, ապա նորաստեղծ «Ելք» դաշինքին հաջողվեց խմբակցություններ ունենալ եւ ԱԺ-ում, եւ Երեւանի ավագանիում։ Ելնելով լայն ներկայացվածությունից՝ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում հաղթահարել ՀՀ քաղաքացիների շրջանում տիրող հուսահատությունը: Դաշինքն այսօր արձանագրեց, որ մայրաքաղաքում ունեն համակիրների կայուն և ամուր հենարան, Երևանի ավագանիում իրենց համարում են «Ելքի» օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը:
Ովքեր կղեկավարեն «Ելք» խմբակցությունը ԱԺ-ում եւ քաղաքապետարանում՝ դաշինքում դեռ քննարկումներ են ընթանում, անուններ կհրապարակեն առաջիկայում: Այսօր միայն դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Այսինքն՝ ինքնաբացարկ կներկայացնի ավագանու անդամից, կզբաղվի օրինաստեղծ աշխատանքով: «Մյուս թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին տեղեկություններ չկան»,- տեղեկացրեց Փաշինյանը:
Կվերցնի՞ արդյոք Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ավագանու մանդատը։ «Ռադիոլուրին» կուսակցության գրասենյակի տնօրեն Սեդա Մելիքյանը ասաց, որ հարցին պատասխանելու լիազորություն չունի։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիս կտա։
Երեկ Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում տեղի ունեցած միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ տեղի ունեցածը ընտրություններ չեն, բայց եւ չէր հստակեցրե՞լ՝ կվերցնեն արդյո՞ք մանդատները:
Ի դեպ, ընտրախախտումներից խոսում են ե’ւ Հանրապետականը, ե’ւ «Ելքը»: Հանրապետականում ստացել են ընտրախախտումների մասին 49 հաղորդում, իսկ «Ելքն» էլ պնդում է, որ անառարկելի ապացույցներ է ձեռք բերել ՀՀԿ նախընտրական շտաբներից hամատարած ընտրակաշառքներ բաժանվելու վերաբերյալ։