Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պերուի դեսպանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Պերուի հետ հասցրել է ձևավորել շատ ջերմ և ամուր հարաբերություններ, որոնց նպաստել է նաև այդ երկրների հյուրընկալ վերաբերմունքը նախորդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ եղած և Լատինական Ամերիկայում ապաստան գտած հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ: