ՊԵԿ-ը հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել
Վերջին 7 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել՝ 653.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 46.1 մլրդ դրամ կամ 7.6 տոկոս: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօրվա ասուլիսում ամփոփելով կառավարության կարճաժամկետ ծրագրի շրջանակներում կառույցի գործունեությունը՝ վստահեցրել է, որ աճը նաեւ ստվերը բացահայտելու եւ հարկային դաշտ բերելու հաշվին է: Նա նաեւ շեշտել է, որ ստվերը կրճատվել է խոշոր տնտեսվարողների հաշվին: Ամփոփելով անցած գործունեությունը՝ ՊԵԿ-ի ղեկավարը ներկայացրել է նաեւ հետագա անելիքների մասին, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Անցած 7 ամիսներին հարկային մասով 9.4 տոկոսով, իսկ մաքսային մասով 1.9 տոկոսով պետական բյուջե մուտքերի աճ է արձանագրվել: Աճը պայմանավորված է նաեւ խոշոր տնտեսվարողների մոտ ստվերի կրճատմամբ՝ վստահեցրեց ՊԵԿ-ի նախագահը: Վարդան Հարությունյանը հիշեցրեց, որ 2016-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս:
«Այժմ ես կարող եմ հնչեցնել, որ այդ թիվը նվազել է: Մասնավորապես, մարտ ամսին այն կազմել է 33.2 տոկոս: Հետեւողական աշխատանք են տանում ստվերը սպիտակ դաշտ բերելու ուղղությամբ եւ բյուջեի այս մուտքերը հիմնականում պայմանավորված է դրանով»:
Այս տարվա հավաքագրումները Վարդան Հարությունյանը համարեց աննախադեպ Հայաստանի պատմության մեջ: Վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են՝ տեմպը պահելու համար, այդ թվում՝ ստվերի կրճատման առումով: ՊԵԿ ղեկավարը բավականին մանրամասնորեն ներկայացրեց նաեւ վարչարարական նախաձեռնությունները, որոնք արվել են, ապա անդրադարձավ օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացրեց կատարված բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարելիք հետագա քայլերը: Վարդան Հարությունյանը խոսեց նաեւ բացահայտված իրավախախտումների մասին:
«ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է 460 գործ, որի շրջանակներում կա կալանավորված երեք անձ: Պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 249 մլն դրամ գումար»:
Արձագանքելով լրագրողների հարցադրումներին էլ , մասնավորապես, անդրադարձավ ադրբեջանական խնձորների հայտնի պատմությանը:
«Էսքան դրականի մեջ գտել եք մի հատ սեւ կետ եւ ուզում եք սեւացնել՞ — սեւացրեք՝ խնդիր չկա, բայց ես մի բան արդեն հնչեցրի՝ մենք մեր մեղքի բաժինը զգում ենք ու պատժվելու են այդ մարդիկ»:
Անուններ Վարդան Հարությունյանն այսօր չհնչեցրեց, սակայն, նշեց, որ ադրբեջանական խնձորները մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծողը պաշտոնատար անձ չէ, ապա խոստացավ՝ քննության ավարտից հետո հասարակությունն ամենի մասին մանրամասնորեն կտեղեկացվի: ՊԵԿ-ն էլ անելու է ամեն ինչ նման դեպքերը հետագայում բացառելու համար՝ այս վստահեցմամբ եզրափակեց կառույցի նախագահ Վարդան Հարությունյանը: