ԱԱԾ. Բացահայտվել են իրանցիների կողմից առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի դեպքեր


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ երեք քաղաքացի իրանական բանկային համակարգից ձեռք են բերել 6 հատ «Պոստերմինալ», դրանք տեղադրել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալած տարածքներում և համացանցի միջոցով համակցել իրանական տարբեր բանկերում բացված իրենց հաշվեհամարներին։
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բանկային համակարգի շրջանցմամբ 2016-2017թթ. ընթացքում հիշյալ եղանակով իրականացվել են շուրջ 580 մլն ՀՀ դրամի գործարքներ։ Նախաքննության ընթացքում մեկ անձ հատուցել է իր գործողություններով պետությանը պատճառած վնասը և քրեական օրենքի խրախուսական նորմի հիման վրա ազատվել ապօրինի ձեռնարկատիրության համար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասով (առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը), վերջինիս վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշումներ են կայացվել նաև ԻԻՀ ևս երկու քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 188.1-րդ հոդվածների 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ ՀՀ բանկային համակարգը շրջանցելով, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փորձերը հետայսու ևս կանխվելու են, նմանատիպ դեպքերի նկատմամբ իրականացվելու է մշտական վերահսկողություն։