Քաղաքական

Իրանահայ համայնքը ընտրություններին ընդառաջ կբարձրացնի Ցեղասպանության ճանաչման հարցը


Մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված են նախագահական ընտրություններ, որին մասնակցում է 6 թեկնածու։ Հիմնական պայքարը ընթանում է բարեփոխականներից՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի եւ պահպանողականներից Էբրահիմ Ռաիսիի միջեւ: Ընտրությունների արդյունքներին սպասում են ոչ միայն իրանցիները,  այլեւ տարածաշրջանով հետաքրքրվող տերությունները՝ ուշադիր հետեւելով նախընտրական կրքերին: Ո՞ւմ կնտրի անկանխատեսելի իրանցի ընտրողը, ո՞վ կլինի հաղթող  բարեփոխիչ-պահպանողական ընտրապայքարում, եւ ինչպիսի՞ն է հայ համայնքի դիրքորոշումը: Իրանագետներն ու հայ համայնքի ներկայացուցիչները ընտրությունների ընթացքի եւ հնարավոր զարգացումների մասին:

 

Մայիսի 19-ին մեր հարեւան երկրում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում, կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ընտրապայքարի մեջ մտած եւ երկու ճամբարների գաղափարները կրող 6 թեկնածուների միջեւ կա սուր պայքար։ Լայնամասշտաբ նախընտրական քարոզարշավ է ընթանում. ընտրողներ հետ հանդիպումներ, հեռուստաբանավեճեր: Արդեն իսկ տեղի է ունեցել երկու բանավեճ ներքին խնդիրների, տնտեսական զարգացման տեսլականի շուրջ։ Արտաքին  քաղաքական մարտահրավերներին լայն  անդրադարձ դեռ չի եղել: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, քաջատեղյակ լինելով Իրանի պատմական զարգացումներին ու դիվանագիտական որոշումներ կայացնելու նրբերանգներին, նշում է, որ  երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը չի փոխվի, կլինեն «փոքրիկ շտկումներ միայն»: Խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների շուրջ թեկնածուների մոտեցումներին.

«Հայաստանի հանդեպ քաղաքական փոփոխությունը պայմանավորված չէ առկա թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու հանգամանքով: Այդ քաղաքական ուղեգիծը հիմնական շեշտադրումներով կպահպանվի: Այնպես որ, կոնկրետ պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից որ թեկնածուն է նախընտրելի, մի փոքր դժվար է: Իրանի հիմնական ուղեգիծը որոշում է հոգևոր առաջնորդը: Այս իմաստով Հայաստանի նկատմամբ կտրուկ շրջադարձի սպասելն անտեղի է»:

Հայաստանի համար շրջադարձային փոփոխություն պետք չէ սպասել, նույնը վերաբերում է նաեւ հայկականի համայնքին։  Ըստ իրանագետի, հայկական համայնքը հանդես չի գալիս որևէ մեկ թեկնածուի օգտին, հայերն ազատ են և կարող են քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Բայց, ըստ Ոսկանյանի, հայ համայնքի մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականների թևին, ինչը, իհարկե, չի նշանակում, որ չկան պահպանողականների կողմնակիցներ:

Հայ համայնքի ընտրական նախասիրությունների մասին «Ռադիոլուրը» հետաքրքրվեց նաեւ Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանից։

«Համայնքի մեջ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կան եւ միանշանակ չենք կարող ասել, եւ ավանդաբար էլ այդպես չի եղել: Բոլորի նկատմամբ ակտիվ կերպով հետաքրքրություն ենք ներկայացնում եւ պատրաստվում ենք ներկայացնել մեր համայնքային պահանջագիրը։ Հույս ունենք, որ ընտրված նախագահը համայնքային դժվարությունների հետ կապված քայլեր կձեռնարկի»:

Արդեն իսկ կան նախանշված խնդիրները, կա պատրաստված տեքստ:

Շաբաթ օրը հայ համայնքի քաղաքային էլիտայի հետ հանդիպում է տեղի ունենլու: Գլխավոր պահանջը Ցեղասպանության ճանաչման  ու դատապարտման հարցն է, նյութական օժանդակության, եւ իրավական որոշ հարցերի լուծման:

Ի տարբերություն իրանագետ Վարդան Ոսկանյանի, իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանը նշում է, որ ընտրվող նախագահի մոտեցումներով պայմանավորված կարող են հայ- իրանական հարաբերություններում փոփոխություններ լինել.

«Անշուշտ կփոխվեն՝ եւ մարտավարական եւ ռազմավարական ուղենիշեր կփոխվեն: Բայց թույլ տվեք դիրքորոշում չարտահայտել, քանի որ այն կդիտարկվի որպես քարոզչական քայլ»:

Կարեն Խանլարյանի տեղեկացմամբ՝ նախագահի թեկնածուների հետ հանդիպումների ընթացքում ազգային փոքրամասնությունների խնդիրներին առանձին անդրադարձ չի եղել, բայց հայ համայնքին, որի անդամներին քվեն լուրջ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա չի կարող ունենալ, չափազանց լավ են վերաբերվում:  Նույն տեսակետը պնդեց եւ իրանագետ Վարդան Ոսկանյանը, շեշտելով՝ «Իրանում հայ լինելն ինչ-որ առումով  առավելություն է: Տեղի հայերին վերաբերում են հատուկ ուշադրությամբ, որոնք վաստակել են այդ իրավունքը»՝ ասում է իրանագետը:

Back to top button