Հասարակություն

Մարդու իրավունքների ոլորտը նախընտրական շրջանի լուսանցքում


Մարդու իրավունքների ոլորտը գրեթե բացակայում է նախընտրական շրջանից, նախընտրական ծրագրերից ու նույնիսկ դուրս է մնացել ԶԼՄ ուշադրությունից: Ավելին՝ սա այն ոլորտն է, որին լրատվամիջոցները անդրադառնում են զգուշավորությամբ՝ փաստել է Հայաստանում իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրությունը: Սա այն ոլորտն է եւ այն հատվող կետը, որտեղ բախվում են շահերը եւ որտեղ էլ ակնհայտ երեւում է Հայաստանում եւ արեւմտյան երկրներում իրականացվող քարոզարշավների տարբերությունը:


Մարտի վերջից Հայաստանի քաղաքացիներն ընտրական ակտիվ գործընթացի մեջ են: Խորհրդարանական քարոզարշավին միանգամից փոխարինեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, բայց քաղաքական ուժերից քաղաքացիներն այդպես էլ չլսեցին իրենց հուզող խնդիրների լուծման առաջարկները: Նույնիսկ քվե ստանալու ցանկությունն այդպես էլ չստիպեց ընտրապայքարի մեջ մտած ուժերին առարկայական խոսել առկա խնդիրների մասին: Իսկ այս փուլում երեւանցիներին առաջին հերթին հուզում են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Համենայնդեպս, դա է փաստում «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:

Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ներկայացուցիչ Լենե Ուեթելանդը լավ հիմք ունի համեմատելու Հայաստանն ու Նորվեգիան: Հայաստանում դիտարկել է անցած խորհրդարանական ընտրությունները, սեպտեմբերին պատրաստվում է դիտարկել Նորգեգիայի խորհրդարանական ընտրությունները: Այս համեմատության մեջ ասում է՝ ամենամեծ տարբերությունն այն է, որ նորվեգական կուսակցությունները գիտակցում են մարդու կիրավունքների ոլորտի կարեւորությունը: Դա է պատճառը, որ իրենց ծրագրային պլատֆորմներում մարդու իրավունքները պետք է լինեն տարբեր համակարգերի հիմքում,  հետեւաբար տարբերությունը քաղաքական ուժերի միջեւ այն է, թե նրանցից որն է առաջարկում լավագույն ձեւը այդ իրավունքները պաշտպանելու համար: Եվ սա դեռ ամենը չէ՝ Նորվեգիայում գործում է ակտիվիստների խումբ «Արդյոք պահում են իրենց խոստումը» կարգախոսով:

«Հայաստանյան ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերի մեջ կետերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, շատ քիչ են, չնայած, որ խախտումները շատ են հենց այս ոլորտում»: Սա ասում է  իրավապաշտպան Էդուարդ Դանիելյանը: Կոնկրետ այս հարցով մանրակրկիտ ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:

Հայաստանում առկա տարօրինակ հակասությունները փաստել է նաեւ «Սոցիոսկոպ» ՀԿ իրականացրած ուսումնասիրությունը: Ունենք մի իրականություն, երբ քաղաքացիները դժգոհում են մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից, մյուս կողմից ունենք պատասխանատուներ, ովքեր գիտակցում են իրավիճակը, բայց գերադասում են քիչ խոսել դրա մասին, ունենք նաեւ լրատվամիջոցներ, ովքեր պետք է խոսեն, բայց չեն խոսում կոնկրետ մարդու իրավունքների խնդիրների մասին:

Շատերը դժվարանում են խոսել այս ֆենոմենի իրական պատճառների մասին: Երբեմն ընդունված կարծրատիպերով ենթադրում են, որ սա անընդհատ լռեցնելու քաղաքականության հետեւանք է, երբ լրատվամիջոցներն արդեն սովորության համաձայն գործում են զգուշավոր:

Back to top button