Հասարակություն

Հաղթանակների տոնի առթիվ Կարեն Կարապետյանի շնորհավորական խոսքը

Հաղթանակների տոնի առթիվ  շնորհավորական խոսք է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու Խաղաղության տոնը` Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր արժանի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, որը զենքը ձեռքին պայքարել և անպարտելիության բազում օրինակներ է թողել հետագա սերունդներին:

Հաղթանակի ու խաղաղության հաստատումը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում և նորովի իմաստավորվել արդեն Շուշիի ազատագրումով: Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունն ու առաջ շարժվելու անկոտրում ձգտումը:

Պարտադրված պատերազմում հայ ժողովուդն ապացուցեց, որ պատրաստ է նաև զենքով պաշտպանել իր ազատ, անկախ և խաղաղ ապրելու իրավունքը: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու և այսօր մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը, և մենք անվերադարձելի պարտք ունենք մեր զինվորի, մեր սպայի նկատմամբ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:

Մենք գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների, վետերանների ու հերոսների առջև, և մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած բոլոր հայորդիներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և նորանոր նվաճումներ»:

Կարդացեք նաև

Back to top button