Հասարակություն

Վետերանների «ներկա-բացակա»-ն տեսաձյանի միջոցով


Եկել է մի շրջան, երբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին այլեւս դժվար է երկրից երկիր ուղեւորվել եւ իրենց կյանքի կարեւորագույն տոնը նշել միասին: Բայց ժամանակակից տեխնոլոգիաները եկել են նրանց օգնության: Տատիկներն ու պապիկները մեծ արհեստավարժությամբ կարողանում են օգտագործել  «Skype»-ը՝ դրանով մոտեցնելով տարածքներն ու մեկտեղելով հիշողությունները: Վետերանների այդպիսի մի «ներկա-բացակա»-ի ներկա է եղել նաեւ «Ռադիոլուրը»:

Ուղիղ 1418 օր. Ռոզալիա Աբգարյանը չի մոռանում, որ հենց այսքան ժամանակ է սպասել՝ լսելու բաղձալի հաղթանակի մասին: Հայրենական մեծ պատերազմը տիկին Ռոզալիան անցավ սկզբից մինչեւ վերջ, առաջին գծում կապավոր էր, փոքրիկ ռադիոկայանով օդաչուներին ուղղությունն էր ցույց տալիս, թե որտեղ պետք է ռմբակոծեն: Երկու անգամ վիրավորվել է, առաջինը՝ Ստալինգրադում, բայց անցել է Ուկրաինան, մասնակցել է Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը:

« Հիշում եմ, մենք նահանջում էինք, սարսափելի նահանջ էր: Սովետական հայտնի գրող Ֆադեեւը երեւի այս նահանջն էր ճշգրիտ նկարագրել իր՝ «Երիտասարդ գվարդիա» գրքում: Մենք Դոն գետն անցնում էինք պոնտոնային կամուրջների միջոցով։ Դա իրենց ներկայացնում է ռետինե փչովի նավակներ, որոնց վրայով՝ կյանքի լուրջ սպառնալիքով, անցնում էին մյուս ափ: Նույն ափին հավաքվել էր ժողովուրդը, խնդրում էր իրենց էլ անցկացնել, բայց մենք չէինք կարող դա անել, անցկացնում էինք նաեւ ռազմական տեխնիկան: Մենք այդ մարդկանց ասում էինք՝ մենք կվերադառնանք շուտով ձեր հետեւից, բայց այդ «շուտովը» տեւեց մի քանի տարի»:

Տիկին Ռոզալիան բազմաթիվ հիշողություններ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ կապված, կարող է հատիկ-հատիկ վերհիշել 4 տարվա իրադարձությունները: Հատուկ ընդգծում է հայերի մասնակցությունն ու դերակատարումը այդ մեծ պատերազմում: Փոքրիկ Հայաստանից 600 000-ից ավելի մասնակից, որոնցից  300 000-ն է վերադարձել պատերազմից, Հայաստանը տվել է մի շարք հայտնի մարշալներ: Այսօր Հայաստանում մնացել է 700 վետերան, նրանցից 72-ը կանայք են:

« Ես հիշում եմ, նստած էի Սեւ ծովի ափին: Մեզ հաջողվել էր քարանձավներից մեկում տեղադրել ռադիոընդունիչը եւ կապ հաստատել: Մեկ էլ լսում եմ ինչ- որ գերմանացի, հավանաբար էլի կապավոր, եթերում մի քանի խոսք ասաց. «Ստալին կապուտ»: Ու մեկ էլ մեկ ուրիշը պատասխանեց. «ստում ես, տականք, Հիտլեր կապուտ» եւ սկսեց շատ ուժեղ հայհոյել: Դե լեզվակռվում մայրիկին շատերն են հիշում … Եվ չհասցրեց նա ավարտել իր խոսքը երկինքը բռնկվեց կրակով … այդպես սկսվեց մեծ հարձակումը, որին մենք այդքան սպասում էինք»:

Տիկին Ռոզալիան հաղթանակի մասին լուրը դիմավորեց Պրահայում՝ չեխոսլովակիայի ազատագրումից հետո: Հայրենական մեծ պատերազմի վետերաններն իրենց համարում են մեկ ընտանիքի անդամներ։ Տարիքից ելնելով՝ այլեւս չեն կարողանում շատ հաճախ հանդիպել միմյանց հետ։ Նրանց համար փրկություն է դարձել «Skype»-ը, երբ կարող են իրար հետ զրուցել եւ կիսվել հիշողություններով: Բայց վերջին շրջանում ավելի հաճախ է պատահում, երբ ոչ բոլոր վետերաններն են կարողանում հավաքվել իրենց «ներկա-բացականեր»- ին: Այդպես օրինակ՝ Աստանայից վետերանների վիրտուալ հավաքին միացած վետերան Մոիսեյ Գոլդբերգը ցավով նշում է. « Տեսնում եք, տարեցներից մի մասը նույնիսկ չի կարողացել ներկայանալ: Մեզ մոտ էլ է մեկ մեկն է հիվանդանում, մեկ՝ մյուսը, երրորդը՝ մահացել է եւ այդպես շարունակ: Ապրելու ցանկություն, իհարկե, կա, բայց սպիդոմետրը հաշվում է մեր տարիները: Մենք շատ դեղեր ենք խմում, բայց ամեն դեպքում այս օրով կփորձենք նաեւ մեկ բաժակ օղի խմել: Չի կարելի մոռանալ եւ ուրանալ մեր հաղթանակը»:

Վետերանների համար այսօր խիստ վիրավորական է, երբ պատմական իրողությունները փորձում են ներկայացնել յուրովի եւ հատկապես ձեւափոխում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները: Այս առումով Մոլդովայում գործող «Հաղթանակ» համակարգող կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պետրովիչը կարծում է, որ կան անհերքելի փաստեր:

«Եվրոպայի կենտրոնում, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կանգնած է հենց սովետական զինվորը, կրկնում եմ, սովետական, ոչ թե ամերիկացի, ոչ թե անգլիացի, ոչ էլ ֆրանսիացի: Սովետական զինվորի հուշարձանն է գերմանացի աղջիկան գրկում բռնած: Սա է ամենագլխավոր ապացույցը օբյեկտիվ իրականության եւ Հայրենական մեծ պատերազմում տարած մեր հաղթանակի»:

Սուխումում՝ Մեծ հայրենական պատերազմի մասնակից Բորիս Կուտարբան աշխարհի հետ իր հաշիվները մաքրած է համարում, պատերազմել է հանուն հայրենիքի, հաղթել, ու մեծ սերունդ թողել իր հետևից: Նա 11 երեխաների հայր է, ունի շատ թոռներ ու ծոռներ: Այս վետերանն արդեն մեծ դժվարությամբ է խոսում եւ ներկայացնում իր ասելիքը, բայց եւ պատգամ ունի:

« Այն, ինչ այսօր դեմոկրատիա անունն է ստացել, դրանից գլուխ չեմ հանում, ով ինչ ուզում՝ անում է:  Ցանկանում եմ, որ պատերազմ չլինի եւ խաղաղ բազմանաք»:

Աշխարհում եւ հատկապես հետխորհրդային երկրներում տեղի ունեցող իրադարձություններին Հայրենական մեծ պատերազմի վետերանները հետեւում են մեծ ցավով: Դատողություններ այլեւս չեն ցանկանում անել, պարզապես նշում են, որ  «աշխարհը գժվել է»:

Back to top button