Մայիսյան եռատոնին՝ Փողային նվագախմբերի շքերթով


Մայիսյան հաղթանակների եռատոնն այս տարի կնշանավորվի նաև փողային նվագախմբերի շքերթով։ Գաղափարի հեղինակը երգահան Արա Գևորգյանն է, իրագործմանն իր ակտիվ աջակցությունն է բերել մշակույթի նախարարությունը: Փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի մայիսի 7-ին, Մատենադարանի մոտ:
Մայիսյան հաղթանակների եռատոնը նաև փողային նվագախմբերի շքերթով. Նախաձեռնությունը երգահան Արա Գևորգյանինն է:Փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի մայիսի 7-ին, ժամը 12։00-ին: Մայրաքաղաքի ու մարզերի շուրջ 14 փողային նվագախումբ Մատենադարանի շենքի առջևից կշարժվի դեպի Ֆրանսիական հրապարակ, որտեղից յուրաքանչյուր նվագախումբ կուղղվի դեպի մայրաքաղաքի տարբեր հարթակներ՝ կատարելով տոնական ստեղծագործություններ։ Փողային նվագախմբերի շքերթի նախօրեին հրավիրված ասուլիսում հայտարարեց երգահան Արա Գևորգյանը
«Խորհրդային տարիներին չկար որևէ մշակութային օջախ, գործարան, որը չունենար ժողգործիքների նվագախումբ, փողային նվագախումբ կամ պարի խումբ: Մեր հանրապետությունը հագեցած էր այդ ամենով: Դժբախտաբար, այսօր իրավիճակն այլ է, և Հայաստանում փողային նվագախմբերի ու այս ոլորտում մասնագիտացած երաժիշտների սակավություն կա: Մեր նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարձրացնել ժողովրդի տրամադրությունը, այլև քարոզել փողային նվագարանները, որպեսզի մեր երեխաները տեսնեն, որ արվեստի այսպիսի գեղեցիկ մի ճյուղ էլ կա, որը ես անվանում եմ՝ ցերեկային հրավառություն»,- ասում է:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը կարևորեց այն փաստը, որ շքերթին մասնակցում են հատկապես մարզերի նվագախմբերը: Կան երեխաներ, որոնք առաջին անգամ մայրաքաղաք են գալու հենց այս շքերթին մասնակցելու համար՝ ասաց մշակութային գերատեսչության ներկայացուցիչը։ «Սա համախմբման ու միասնության մի հրաշալի տոն է դառնալու: Բացի այդ, շատերն ասում են, որ փողային արվեստը մեռնող արվեստ է, այս միջոցառմամբ մենք փորձելու ենք ապացուցել հակառակը»:
Փողային նվագախմբերի տոնական շքերթը կեզրափակվի Ազատության հրապարակում. բոլոր նվագախմբերի միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը։