ԿարևորՄշակույթ

«Հողի դողը ոտքերի տակ». տեղի ունեցավ Դավիթ Հակոբյանի առաջին պատկերագրքի շնորհանդեսը


«Բանակային թեման իմ լուսանկարչության առանցքային թեմաներից է, գուցե պատճառն այն է, որ իմ զինվորական ծառայությունն անցկացրել եմ լուսանկարչական ապարատով: Իսկ ինչու՞ «Հողի դողը ոտքերի տակ». այս դողը հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց է, որն անցնում է հողին՝ նրանից նորից փոխանցվելով մեզ»,- «ՀԲԸՄ-Հայաստան»-ի սրահում այսօր շնորհանդեսի եկածներին ասաց լուսանկարիչը:

«Սա վաղվա օրվա հանդեպ վստահություն, հպարտություն ու հայրենասիրություն ներշնչող գիրք է։ Ըստ էության պատերազմի մեջ գտնվող երկրում մենք ներկայացնում ենք մեր խաղաղ հայրենիքը, նրա ապահով վաղվա օրն ու ապահով ներկան»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Պատկերագիրքը նվիրել ենք Հայոց բանակին: Այն չէր հրատարակվի, եթե չլիներ պարոն Ամիրյանի նախաձեռնությունն ու աջակցությունը: Հանդիպեցինք, նա ինձ քաջալերեց բանակային թեմայով լուսանկարներս իրար գլուխ հավաքելու և հրատարակելու հարցում, իսկ ես ունեի վաղեմի նպատակ՝ ունենալ խոշոր լուսանկարչական ալբոմ»:

Լուսանկարներն ուղեկցվում են Լևոն Խեչոյանի տեքստերով: Ինչպես լուսանկարչի, այնպես էլ գրողի հերոսներն ունեն «…ճակատագրին հպատակվելու, հավատարմության և Աստված ունենալու հասունություն…»:

Երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի օբյեկտիվում հայրենիքի սահմանն է ու սահմանի պաշտպանը: «Հողի դողը ոտքերրի տակ»-ը Դավիթ Հակոբյանի առաջին մեծ պատկերագիրքն է , թեև մինչ օրս հրատարակվել են նրա ցուցահանդեսներն ամփոփող գրքույկներ: Իսկ լուսանկարները շրջել են տարբեր երկրներում՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական ցուցահանդեսներով:

Back to top button