Հասարակություն

Նոր մանրամասներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին

Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։

Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Մասնագետների կողմից գիշեր ու զօր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։

Նախարարությունից հայտնում են, որ հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

Back to top button