Փոխքաղաքապետը ներկայացրեց 2013 թ. ծրագրերը


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Երևան քաղաքի 2013-ի ծրագրերն արդեն հաստատվել են, դրանք հիմնականում վերաբերում են մայրաքաղաքի շինարարական, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ըստ այդմ` մեծ աշխատանքներ են իրականացվելու մայրաքաղաքի ճանապարհների ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման ուղղությամբ: Ընթացիկ նորոգումից բացի նախատեսվում են նաև հիմնանորոգման, մայթերի, սալահատակների բարեկարգման աշխատանքներ:
«Ծրագիրն իր ծավալով գերազանցում է նախորդ բոլոր տարիները` 2.5 մլն քառակուսի մետր ծավալ, ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր համայնքները»,-ասել է Կամո Արեյանը: Կվերանորոգվեն նաև տարբեր վարչական շրջաններում երթևեկության տեսանկյունից առանցքային դեր խաղացող փողոցները` թվով շուրջ 30: Վարչական տարբեր շրջաններում այս տարի ևս 8 վերգետնյա անցում կկառուցվի, շահագործման կհանձնվի 2 խոշոր կառույց:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է այս տարի ևս 400 բակ բարեկարգել ու կահավորել: «Կշարունակվեն նաև կանաչապատման աշխատանքները, բայց նախ լուծելու ենք ոռոգման ցանցի խնդիրը»,-ասել է փոխքաղաքապետը: Կամո Արեյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ քաղաքապետարանին անհրաժեշտ են բանվորներ` կանաչապատման սեզոնային ու հիմնական աշխատանքի համար, ինչպես նաև հիմնական աշխատողներ` սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների համար: Դեռևս թափուր են նաև D կարգի 150 վարորդի հաստիքները` 150 հազար դրամ աշխատավարձով: