Համանքների խոշորացումից շուրջ կես տարի անց. տեսանելի փոփոխություններ չկան


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարչատարածքային բարեփոխումները շարունակելու խնդրին։ Մեր երկրում անցկացվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որի երկրորդ փուլն արդեն իրականացվել է: Խոշորացվող համայնքների շարքում են նաև սահմանամերձ Տավուշի գյուղերը: Խոշորացումից անցել է ավելի քան յոթ ամիս, ինչպիսի արդյունքներ են գրանցվել:
Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանն այժմ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս վարչական շրջանի ներկայացուցիչն է: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ յոթ ամսվա ընթացքում կարողացել են վերջապես իրավական գրանցում ստանալ գյուղի մանկապարտեզի համար: Գյուղտեխնիկա ստանալու համար հայտ են ներկայացրել ու սպասում են:
Սահակյանն առայժմ զերծ է մնում իրավիճակը գնահատելուց: Նշում է, որ յոթ ամիս է անցել խոշորացումից, սակայն մինչ այժմ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը չի գործում: Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով չեն տրամադրում:
Բաղանիսի նախկին գյուղապետը, ով հիմա վարչական շրջանի ներկայացուցիչն է, պնդում է՝ պետք է իրենք ոչ թե նշանակվեին, այլ՝ ընտրվեին ժողովդրի կողմից: Նույն կարծիքին է նաև «Ռադիոլուրի» մեկ այլ զրուցակից՝ սահմանանմերձ Բարեկամավանի նախկին ղեկավար Գագիկ Աբազյանը: Նախկին գյուղապետն այժմ գործազուրկ է, պատրաստվում է Երևան տեղափոխել, ասում է՝ գյուղում աշխատանք չունի, չի կարողանում ընտանիքը պահել:
Աբազյանը վստահեցնում է՝ եթե անգամ ինքն էլ լիներ գյուղի ներկայացուցիչը, միևնույնն է՝ այդ բարեփոխմանը դեմ կլիներ։ Նախորդ զրուցակցիս՝ Բաղանիսի ներկայացուցչին եմ հարցնում՝ արդյո՞ք արդարացված էր համայնքների խոշորացումը` «ոչ»:
Նախկին կառավարման ձևին կառավարությունը չի պատրաստվում վերադառնալ: Այստեղ վստահ են՝ համայնքների խոշորացումն իր դրական արդյունքները տալիս է: Բարեփոխմանն այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ:
«Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումները ապահովելու նպատակով հանձնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ»։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը մեկ ամիս ունի կատարված աշխատանքներն ամփոփելու համար: Այսօր կառավարությունում կքննարկեն նաև համայնքներում առկա բիզնես բաղադրիչ ունեցող ոլորտները մասնավոր կառույցներին հանձնելու հնարավորությունը:
«Մենք բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում ինչպես թափանցիկության բարձրացման, այնպես էլ սակագների ունիֆիկացիայի մասով»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ, հարցի շուրջ արդեն իսկ քննարկումներ եղել են ՀՀ փոխվարչապետի մոտ և արդյունքները կներկայացնեն կառավարության ղեկավարին։