Հասարակություն

Հայաստանում կներդրվի պայմանական վաղակետ ազատման նոր համակարգ


Հունիսից Հայաստանում կներդրվի պայմանական վաղակետ ազատման նոր համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով կառավարության միջոցառումների ծրագրով քրեական պատիժների կատարման ոլորտում ԱՆ-ի կողմից իրականացված բարեփոխումմներին: Պայմանական վաղակետ ազատման խնդիրը հասարակական հետաքրքրության շրջանակներում գտնվող հարցերից մեկն է եւ այն բավականին ժամանակ քննարկվել է նաեւ հասարակական լայն սեկտորի հետ: Այդ քննարկումներին ժամանակին անդրադարձել է նաեւ «Ռադիոլուր»-ը:

 

Հոկտեմբերին հաստատված ծրագրով կառավարությունը խնդիր էր դրել վեցամսյա ժամկետում ավարտին հասցնել պայմանական վաղակետ ազատման ոլորտի բարեփոխումները: Այդ միջոցառումը նախատեսված էր նաեւ նախագահի կողմից հաստատված 2012-2017 թթ.-ի իրավական եւ դատական բարեփոխումների ծրագրով: Այս տարվա մարտի 21-ին էլ ընդունվեց համապատասխան օրենքը, որը վավերացվել է նախագահի կողմից: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր հավաստիացրեց, որ.

«Հունիսի սկզբից մենք կունենանք պայմանական վաղակետ ազատման մի նոր համակարգ»:

Պայմանական վաղակետ ազատման խնդրում դժգոհության պատճառներից մեկը ինստիտուցիոնալ բարդ համակարգն էր: Հիմա եռաստիճան համակարգը փոխարինվելու է երկաստիճանով: Այսինքն՝ եթե նախկինում գործը քննում էր նախ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը, հետո՝ անկախ հանձնաժողովը, ապա նաեւ՝ դատարանը, նոր համակարգի դեպքում՝ գործելու է գործի քննության երկաստիճան մոդել:

«Անկախ հանձնաժողովի քննելուց հետո, որոշումը կկայացնի դատարանը»:

Գործի քննության երկաստիճան համակարգին անցնելը Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դրական է գնահատում: Դրական է համարում նաեւ այն հանգամանքը, որ դատապարտյալը կարող է դիմել դատարան՝ հանձնաժողովի կայացրած որոշումից հետո: Իրավապաշտպանը, սակայն, կարծում է, որ առայժմ վաղ է գնահատել, թե ինչպիսի ազդեցություն կունենան դրանք վաղակետ ազատման վրա:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նույնպես նկատեց, որ խնդիրներից մեկը օբյեկտիվ չափանիշերի սահմանումն էր, ինչը եւ օրենքով հստակ ամրագրվել են եւ հենց այդ չափանիշերի առկայության դեպքում է, որ գործելու են հստակ խաղի կանոններ՝ վստահեցրեց արդարադատության փոխնախարարը.

«Դատապարտյալի համար տեսանելի է, թե  ինչ վարքի առկայության դեպքում նա հնարավորություն ունի պայմանական վաղակետ ազատվել եւ շատ կարեւոր միջազգայնորեն ընդունված սկզբունք է, որ դատապարտյալն առաջին օրվանից պետք է իր վարքի վրա աշխատի, որպեսզի կարողանա պայմանական վաղակետ ազատվել»:

Սահմանված չափանիշերը երկու խմբի են բաժանվում՝ դատապարտյալի վարքն իր ենթաչափանիշերով, եւ երկրորդը՝ դատարանը պետք է վստահ լինի, որ տվյալ անձի մոտ կրկնահանցագործություն կատարելու ռիսկը ցածր է: Ըստ այդմ՝ նույնպես ամրագրվել են չափանիշեր:

Նախկինում շատ է քննադատվել նաեւ ընթացակարգը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը վստահեցնում է, որ այս մասով էլ դրական փոփոխություն է լինելու. դատապարտյալը կշփվի հանձնաժողովի բոլոր անդամների հետ եւ ամբողջ կազմով է հանձնաժողովը եզրակացություն տալու, որի հիման վրա է, ի վերջո, դատարանը որոշում կայացնելու: Արդարադատության փոխնախարարը հավաստիացնում է. «Դատական պաշտպանության իրավունքը մենք երաշխավորել ենք այս նախագծով: Այսինքն, ի վերջո, դատապարտյալի ցանկությամբ գործը կարող է հասնել դատարան եւ դատարանը որոշում կկայացնի՝ պայմանական վաղակետ ազատվի՞, թե՞ ոչ, այլ ոչ թե անկախ հանձնաժողովի փուլով կարող է սահմանափակվել»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը շեշտեց, թե բարեփոխումները որպես այդպիսին դրական են, սակայն, դրանց կիրառման հարցում գնահատականի առումով՝ կտեսնենք գործողության մեջ դրվելուց եւ արդյունքներն ու ազդեցությունները ուսումնասիրելուց հետո: Հույս ունեմ, որ հնարավոր կլինի դրական տեղաշարժերի մասին խոսել՝ եզրափակեց Հայաստանի հելսինյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Back to top button