Սերժ Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գասենյակից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին եւ ամրապնդել դրանք:
Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու եւ տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր եւ արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով եւ խիզախումներով, որոնք լույս, ջերմություն եւ բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»: